18:35
30/07/2010
Дафина Герчева
ՄԱԿ-ի 2010թ.-ի Զարգացման ծրագրի հիմքում աղքատության մակարդակի նվազեցման նախաձեռնություններն են
19:38 | 15/ 02/ 2010

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ «ժառանգություն» եք ստացել Կոնսուելո Վիդալից և ո՞ր ծրագրերն են, Ձեր կարծիքով, գերակա համարվում առաքելության տվյալ փուլում՝ նկատի առնելով Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակը։

Դ.Գերչևա. Հայաստանում երկար տարիների աշխատանքի ընթացքում ՄԱԿ-ի գրասենյակը ներկայացել է որպես կառավարության հուսալի և անաչառ գործընկեր։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականի մարտի 2-ին և այդ պահից ակտիվորեն գործում է միջազգային ասպարեզում։ Ներկայում Հայաստանում գործում է ՄԱԿ-ի 13 գործակալություն, հիմնադրամ և ծրագիր, և բոլոր դրանք հավասարապես վայելում են ինչպես իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ներկայացուցչությունների վստահությունն ու  հարգանքը։ Փարիզյան հռչակագրի սկզբունքներին ամբողջովին համապատասխան ՄԱԿ-ի աջակցությունը երկրի զարգացման ծրագրերին իրականացվում է ազգային առաջնահերթությունների համատեքստում։ Նման մոտեցումն ապահովում է զարգացման արդյունավետությունը և ուժեղացնում պետության ներգրավվածությունը։

2009 թվականին ավարտվել է Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրագործվող Զարգացման առաջին հնգամյա ծրագիրը, և ես ուրախ եմ տեղեկացնել, որ Կոնսուելո Վիդալի ղեկավարման ժամանակահատվածում բավական տպավորիչ արդյունքներ են ձեռք բերվել։

2010-2015 թվականների համար մեր նոր հնգամյա ծրագրի գերակա ուղղություններն են՝ ուժերի մոբիլիզացումը հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար, «արագ արձագանքման» ծրագրերն ու տնտեսական ճգնաժամից առաջացած խնդիրների, մասնավորապես, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծումը, առողջապահության և կրթության, ինչպես նաև սոցիալական այլ ծառայությունների որակի և մատչելիության բարելավումը, հավակնոտ բարեփոխումների և իշխանության բոլոր երեք ճյուղերում ԵՄ չափանիշների կիրառումը, էներգասպառման արդյունավետության բարձրացումը, տնտեսական զարգացման ապահովումն ածխածնի երկօքսիդի արտանետումների առավելագույն կրճատման հիման վրա, արտակարգ իրավիճակներից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ ներուժի ավելացումը, հասարակության մեջ վստահելի և հանդուրժողական երկխոսության և սոցիալական ինտեգրացիայի առաջխաղացումը։

«Նովոստի-Արմենիա». Հայաստանում Ձեր առաքելության ժամանակահատվածում ինչի՞ վրա դուք կսևեռեք ձեր ուշադրությունն առաջին հերթին։

Դ.Գերչևա. Ինչպես արդեն ասացի, Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի առաջնահերթ ուղղություններից է Հայաստանում մարդկային զարգացման ցուցանիշների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության նվազեցումը, ինչն, իր հերթին, կարագացնի հազարամյակի զարգացման նպատակներին հասնելը։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ոլորտի վերջին զարգացումները, և աշխարհաքաղաքական ինչպիսի՞ փոփոխությունների դրանք կարող են հանգեցնել։

Դ. Գերչևա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հայտարարության մեջ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը, և նշել, որ «այդ պատմական որոշումն անկյունաքար է բարիդրացիական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման համար»։

Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ արձանագրությունների ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։ Նա համոզված է նաև, որ արձանագրությունները կվավերացվեն երկու երկրի խորհրդարանների կողմից ամենակարճ ժամկետներում՝ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։

«Նովոստի-Արմենիա». Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ինչպե՞ս  կփոխվի Հայաստանի դերն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում ընդհանրապես և հարավկովկասյան տարածաշրջանում մասնավորապես։

Դ. Գերչևա. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու պետությունների միջև, անշուշտ, կհանգեցնի Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ուժեղացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աճին։

«Նովոստի-Արմենիա». Կարող է, արդյո՞ք, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որպես կատալիզատոր ծառայել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար։

Դ. Գերչևա. Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրական դեր կխաղա երկկողմ համագործակցության համար։

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, որքանո՞վ կփոխվի Հայաստանի տնտեսական իրավիճակը Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում։

Դ. Գերչևա. Բաց սահմանները, բաց կոմունիկացիաներն ու ճանապարհները միշտ ձեռնարկատիրական գոտու ընդլայնում, ավելի ակտիվ առևտուր և զարգացման հնարավորությունների ընդլայնում են նշանակում։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞  հեռանկարներ են բացվում Հայաստանի համար ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում։

Դ. Գերչևա. ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունն, անկասկած, առանցքային նշանակություն ունի Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ ծրագրի հետագա առաջխաղացման համար։ Բացի այդ, այդ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում Եվրամիության չափորոշիչների արդյունավետ իրագործմանն, ինչպես նաև մարդկային զարգացման համատեքստում ազգային ներուժի ամրապնդմանը։

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ են հաջող անցկացվում եվրաինտեգրման գործընթացները Հայաստանում, և ո՞ր ոլորտներում է ներկայում ամենից առավել բարեփոխման կարիք զգացվում։

Դ. Գերչևա. Հայաստանի կառավարության և ԵՄ ներկայացուցիչների գնահատականներով, եվրաինտեգրումը դինամիկ և հաջող զարգացող գործընթաց է։ Իշխանական երեք ճյուղերին ռազմավարական օժանդակություն է ցուցաբերվել, և ներկայում մենք դրական արդյունքներ ունենք։

Հարկ է նաև նշել, որ ՄԱԿ-ն արդյունավետ համագործակցում է Հայաստանում Եվրամիության հանձնաժողովի հետ։ Ես նախատեսում եմ հետագայում էլ պահպանել և զարգացնել այդ ռազմավարական համագործակցությունն ի բարօրություն Հայաստանի։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ նոր ծրագրեր է ՄԱԿ-ի ԶԾ-ն նախատեսում իրականացնել 2010 թվականին։

Դ. Գերչևա. 2010 թվականի առաջնահերթությունները Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համար ձևակերպվել են՝ նկատի առնելով գլոբալ ճգնաժամի և տնտեսական անկման ազդեցությունը մարդկային զարգացման գործընթացի վրա։

ՄԱԿ-ի 2010 թվականի Զարգացման ծրագրի հիմքում են աղքատության մակարդակի նվազեցման և սոցիալական ծառայությունների մատչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններն, ինչն, իր հերթին, պայմանավորված է ճգնաժամի ազդեցության հետևյալ գործոններով՝ գործազրկության աճ, տրանսֆերտների կրճատում և տնտեսական միգրանտների թվի աճ։ 

Մենք կօժանդակենք նաև հանրապետության քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավմանը որոշումների ընդունման գործընթացներում, ինչպես նաև կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներուժի բարձրացմանը մարդու իրավունքների, սոցիալական միաբանության և հանդուրժողականության բնագավառում։ Նշեմ նաև, որ ՄԱԿԶԾ-ն 2010 թվականին կշարունակի իր բնապահպանական ծրագրերը, որոնք ուղղված են կլիմայական պայմանների նկատմամբ ադապտացման մշակմանը տնտեսական զարգացման ցածրածխածնային ռազմավարությունների կիրառմամբ։ Ուշադրություն կդարձվի բնության Հատուկ պահպանվող տարածքներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներից առաջացած ռիսկերի նվազեցման մշակույթի զարգացմանը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»