Նովոստի-Արմենիա. Տիկին Վարդանյան, հայ-թուրքական կարգավորման գործընթացում հետաքրքիր փուլ է նկատվում՝ Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ վավերացնել ստորագրված արձանագրությունները, իսկ Թուրքիան ձգձգում է գործընթացը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում հարաբերությունների բարելավման ներկայիս փուլը։
Արփի Վարդանյան. Թուրքիան պարբերաբար ժամանակ ձգելու պատճառներ է փնտրում։ Թուրքիան և ցանկանում է, և չի ցանկանում շարունակել գործընթացը։ Մի կողմից՝ Անկարան ցանկանում է աշխարհին ցույց տալ հարևանների հետ հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը, իսկ մյուս կողմից՝ մեկ կրակոցով մի քանի նապաստակ խփել՝ հնարավորինս շատ դիվիդենդներ ստանալով այս գործընթացից։
Հայաստանում գործընթացը բավական դինամիկ և օրինաչափ է առաջ ընթանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հավասարակշիռ էր և գործընթացի տրամաբանությանը համապատասխան։ Այսպիսով՝ Հայաստանը հավատարիմ է ընտրած կուրսին, և եթե գործընթացը ձախողվի, ապա դա տեղի կունենա միայն Թուրքիայի մեղքով։
Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան գործնականորեն որևէ քայլ չի ձեռնարկում հարաբերությունների բարելավման համար, թեև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նրա շահերի հարթությունում է, և դրական կազդի Թուրքիայի միջազգային վարկանիշի վրա։
Իսկ գործընթացի ձախողման դեպքում հարաբերությունների բարելավման հնարավորությունը երկար ժամանակով նվազագույնի կհասցվի։
Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ, ըստ Ձեզ, արձանագրությունների վավերացումը կսրի թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան նման զոհաբերության։
Ա.Վարդանյան. Կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծեն միայն Թուրքիան և Ադրբեջանը: Բաքվում պետք է հասկանան, որ Թուրքիան չի կարող իր արտաքին քաղաքականությունն անվերջ պայմանավորել Ադրբեջանի շահերով:
Թուրքիան բավականին հզոր պետություն է և կարող է իրեն թույլ տալ տուրք չտալ Ադրբեջանի քմահաճույքներին։ Ամենայն հավանականությամբ՝ դա հիանալի հասկանում է նաև Ադրբեջանը։ Առավել ևս նկատի առնելով այն, որ միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել է, որ որևէ կապ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական կարգավորման միջև լինել չի կարող։
Թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացաման դեպքում, անկասկած, որոշակի սառեցում կնկատվի երկու երկրների հարաբերություններում, սակայն դա երկարատև չի լինի։ Պատմությունը նմանատիպ շատ դեպքեր գիտի, երբ նույնիսկ երկու ռազմավարական գործընկերների միջև սև կատու է անցնում, սակայն, ի վերջո, յուրաքանչյուր պետություն հետևողական է սեփական շահերն առաջ տանելու հարցում։
Նովոստի-Արմենիա. Շատ փորձագետներ ապրիլի վերջը պայմանականորեն Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետ են համարում։ Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումներն այս կապակցությամբ։
Ա.Վարդանյան. Թուրքիան, անշուշտ, կփորձի երկարաձգել արձանագրությունների վավերացումը մինչև ապրիլի վերջ, որպեսզի հետևի միջազգային հանրության արձագանքին։ Սակայն Թուրքիայի այդ խաղն այնքան ակնհայտ է, որ բացասաբար է ընկալվում աշխարհի կողմից։ Անկարային ձեռնտու է հնարավորինս շուտ վավերացնել արձանագրությունները։
Նովոստի-Արմենիա. Հայ-թուրքական կարգավորման գործընթացի սկզբնական փուլում հայկական սփյուռքը ոչ միանշանակ ընկալեց այս նախաձեռնությունը, հատկապես արձանագրությունների ստորագրումից հետո։ Ինչպիսի՞ տրամադրություններ են ներկայումս տիրում սփյուռքում։
Ա.Վարդանյան. Առաջին հերթին պետք է նշել, որ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե սփյուռքահայության մեծամասնությունը դեմ է արձանագրություններին, այնքան էլ ճիշտ չեն։ Ավելի շուտ սփյուռքահայությունը մտահոգություններ ուներ, քանի որ դա իսկապես կարևոր հարց է։ Այդ մարդկանց տագնապն ու մտահոգությունը հասկանալի է։
Ես՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, չգիտեմ որևէ մեկին, ով դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Կարևոր է նշել, որ ժամանակի ընթացքում շատերը վերանայել են իրենց հայացքները, մի կողմ են դրել սկզբնական զգացմունքները և հանգել են այն եզրակացության, որ արձանագրություններում վտանգավոր ոչինչ չկա։ Ավելին՝ նրանք թույլ կտան երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ և լուծել առկա խնդիրները։
Նովոստի-Արմենիա. Մտավախություններ կան այն առումով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կսառեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Կիսու՞մ եք Դուք, արդյոք, նմանատիպ մտահոգությունները։
Ա.Վարդանյան. Ոչ։ Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ շաղկապված չէ հայ-թուրքական հարբերությունների հետ։ Ցեղասպանությունը ճանաչած եկրներն արել են դա՝ առաջնորդվելով սեփական շահերով։
Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ եք հավանական համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
Ա.Վարդանյան. Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա՝ անկախ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից։ Կոռեկտ չեմ համարում կանխատեսումներ կատարել այն մասին, թե ԱՄՆ-ն Ցեղասպանությունն ա՞յս տարի կճանաչի, թե՞ հաջորդ։ -0-
