18:44
30/07/2010
Ара Сагателян
Անհրաժեշտ է վերջ դնել «Խոջալուի» մասին առասպելին
12:39 | 24/ 02/ 2010

«Նովոստի-Արմենիա» - Պրն. Սաղաթելյան, ամեն տարի Հայաստանում և ողջ աշխարհում նշվում են Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրերը: Դրան զուգահեռ ադրբեջանական քարոզչությունը փորձում է ծավալել «արդարություն խոջալեցիներին» անունը կրող հակահայկական օտարատյացական արշավը: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործողությունները:

Սաղաթելյան – Զուր փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Մարագայում հայկական բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանության մասնակցությամբ ծրագրված և սառնասրտորեն իրականացված լայնածավալ ցեղասպանական գործողություններից, ինչպես նաև շրջափակումից և Շուշիից, Խոջալուից, Մայլիբեյլիից ու այլ կրակակետերից Ստեփանակերտի վրա կատարված տոտալ ռմբակոծումներից, որոնց հետևանքով սպանվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ և ծերեր՝ Ադրբեջանի ղեկավարությունն ընտրել է գլոբալ կեղծիքի ուղին: Թաքնվելով կարծիք հայտնելու ազատության ետևում՝ ադրբեջանական քարոզչամեքենան ավանդաբար խախտում է տեղեկատվություն ստանալու ազատության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ճմշարտությունն իմանալու իրավունքը: Միաժամանակ կեղծման գործընթացը հովանավորվում է Ադրբեջանի գերագույն ղեկավարության կողմից՝ երկրի դիվանագիտական կորպուսի և հատուկ ծառայությունների ռեսուրսների ներգրավմամբ: Իրականում փորձագիտական հանրությունը հստակ գիտակցում է, որ Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման ռազմական գործողությունն ու ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Աղդամում մարդկանց զոհվելը երկու տարբեր պատմություն է:

Ինչ վերաբերում է ողբերգությանը, որը տեղի է ունեցել 1992 թ.-ի փետրվարին Աղդամի մատույցներում, որն այն ժամանակ, ըստ մի շարք օտարերկրյա աղբյուրների, վերահսկվում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից մի շարք ռազմականացված հանցավոր խմբավորւմների միջոցով, ապա համաշխարհային հանրության համար առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

«Նովոստի-Արմենա» - Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մեր դիտարկումներն այն մասին, որ Խոջալուի հարցի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ:

Սաղաթելյան – Իսկապես, ադրբեջանական քարոզչության փորձերին հակառակ՝ ադրբեջանական կողմի կեղծիքները հաստատաող փաստերի քանակն ու որակը օրեցօր ավելանում է՝ այսօրվա դրությամբ հասնելով ճգնաժամային սահմանակետի:

Ավելի մեծ կոնկրետություն մտցրեց Ռամիզ Ֆաթալիևի վերջերս տված հարցազրույցը, ով 1992 թ.-ին ղեկավարում էր, այսպես կոչված, Խոջալուի իրադարձությունների քննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը: 2009 թ.-ի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ֆաթալիևը խոստովանել էր, որ հայկական  զորամիավորումների կողմից Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակման ճեղքումից չորս օր առաջ՝ 1992 թ.-ի փետրվարի 22-ին, Բաքվում տեղի էր ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցությունը, որի ժամանակ «որոշում էր ընդունվել Խոջալուից մարդկանց դուրս չբերելու մասին»:

Փաստորեն, Խոջալուում մնացած քաղաքացիական բնակչության տարհանմանը խոչընդոտելը Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշման արդյունքը դարձավ. այդ գործողությունները, ինչպես նաև Ազգային ճակատի հետագա գործողությունները, կանխավ ծրագրված էին: Մեկնաբանություններն ավելորդ են:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջ ադրբեջանական կողմի ապացուցողական բազայի մակարդակի մասին:

Սաղաթելյան – Ընդհանուր առմամբ Խոջալուի թեմայով, այսպես կոչված, «ապացուցողական բազայի» ավելի քան 90 տոկոսը կամ ամբողջովին, կամ մասամբ կեղծված է ադրբեջանական քարոզիչների կողմից: Իսկ այն, ինչը որևէ կերպ կապված է իրականության հետ, կամ օբյեկտիվ գործընթացների օրինաչափ հետևանքն է, կամ այդ ժամանակվա ադրբեջանական քաղաքական վերնախավի խարդավանքների ողբալի հետևանքը: Այն ժամանակ Աղդամի մատույցներում զոհվածներն օգտագործվում էին Ադրբեջանում Ժողովրդական ճակատի կողմից ներքաղաքական հաշիվների համար, ինչն անձամբ ընդունել է նախագահ Մութալիբովը: Եվ այսօր զոհվածների հիշատակն օգտագործվում է նույն նպատակով՝ տխրահռչակ քաղաքական հավակնությունները բավարարելու համար:

Ընդ որում, Ադրբեջանական քարոզչամեքենան այնքան թափթփված է գործում, որ շարունակում է ցինիկորեն տարածել ոչ միայն պարզապես կեղծ, այլ մեծամասամբ հակասող տեղեկատվություն: Իսկ Ադրբեջանի կողմից տարածվող տեսագրության կադրերը, որոնք վերագրվում են ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամում 1992 թ.-ի ամռանը մինչ օրս «չբացահայտված հանգամանքներում» զոհված օպերատոր Չինգիզ Մուստաֆաևին, մեղմ ասած, բեմադրված են: 

Ո՞վ և ինչպե՞ս է ջարդեր կազմակերպել Աղդամում, դիմահար գնդակահարել Խոջալուից հեռացած մարդկանց: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի՝ բազմիցս հնչած հայտարարությանն ի հավելում կարող եմ մի քանի մեջբերումներ անել 1992 թ.-ի փետրվարի 6-ին տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեքստերից՝ «Աղդամում գործում են 27 տեղական ռազմական միավորումներ: Հիմնականում նրանք բնակավայրերի գրավումից հետո զբաղվում են դիակապտությամբ, անասունների, անձնական ունեցվածքի հափշտակմամբ»:

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել:

Սաղաթելյան – Որևէ մեկը զուգադրե՞լ է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով քարոզվող, այսպես կոչված, «Խոջալուի ժամանակագրության» լուսանկարներն ու տեսանյութերը: Վերցրեք և համադրեք: Ցանկացած ոք, ով ուշադիր զննի այդ կադրերը, անմիջապես կնկատի տասնյակ չհամընկնումներ, կեղծիքներ, բեմադրություններ: Պետք է կարողանալ «գլխի ընկնել» ու վերցնել ողջ աշխարհը թևածած Կոսովոյի ողբերգական իրադարձությունների կադրերն ու ներկայացնել դրանք որպես «Խոջալուի» կադրեր:

1992 թ.-ի փետրվարի 28-ի և մարտի 2-ի ադրբեջանական «տեսաքրոնիկան» միայն ամեն ինչ արժե: Վերամոնտաժավորված և վերանկարահանված, հակառակ ցանկացած տրամաբանության՝ այն ակնհայտ ցույց է տալիս նվազագույնը մի քանի զոհերի, որոնց մարմինները փետրվարի 28-ին նկարահանված առաջին դրվագների ժամանակ ցուցադրաբար ուղղաթիռ էին մտցվել և «դուրս բերվել», իսկ մարտի 2-ի նկարահանումների ժամանակ նրանք, չգիտես ինչու, կրկին գետնի վրա են՝ նկարահանման վայրում:

Մյուս զոհերը ևս մեկ անհետանում են, մեկ կրկին հայտնվում հաջորդ կադրերում, այլ դիրքերով, հագուստով, առանց հագուստի, այլանդակված: Ընդ որում այդ ամենը տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից միանշանակորեն վերահսկվող տարածքում:

«Խոջալուի պատմությունը» առասպել է, որն ուռճացվում է՝ սեփական հանցագործությունները ստվերելու համար: Իսկ մինչ օրս պարբերաբար նախաձեռնվող հիստերիան, որն ուղեկցվում է նյութերի կեղծմամբ և միջազգային հանրությանը նախամշակելու փորձերով, այն բանի փաստացի ապացույցն է, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավն ամենաբարձր մակարդակով պարզապես քարոզչական ռեկվիզիտի է վերածել ադրբեջանցի մարդկանց՝ ծերերի, կանանց և երեխաների ողբերգությունը: Դա անվիճելի փաստ է, որը շատ լավ հասկանալի է միջազգային հանրությանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»