ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Գերտերությունները կհակազդեն մերձարևելյան և կովկասյան տարածաշրջաններում գերակա դիրք զբաղեցնելու Թուրքիայի փորձերին, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Միջազգային ասպարեզում Թուրքիայի դերն ու նրա ակտիվությունը վերջերս զգալիորեն բարձրացել են, քանի որ Թուրքիան փոխել է իր արտաքին-քաղաքական ուղղվածությունն ու փորձում է տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալ», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Դեմկուսի նախագահը:
Սարգսյանի կարծիքով, հնարավոր է, որ Թուրքիայի նման պահվածքը կապված է թուրքական համերաշխության գաղափարի իրագործման ցանկության հետ, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել ԱՄՆ-ի, Եվրոպայի, այդ թվում նաև Ռուսաստանի շրջանում, քանի որ Թուրքիան բացեիբաց ցուցադրում է Մերձավոր Արևելքի և Ղարաբաղի խնդիրների լուծման գործում միջնորդի բարձրագույն դերը զբաղեցնելու իր ձգտումները:
Նա նաև նշեց, որ չնայած Իրանը բավականին սառն է վերաբերվում տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնելու Թուրքիայի ձգտմանը, այնուամենայնիվ, Իրան-Թուրքիա հնարավոր տանդեմը կարող է լուրջ ուժ դառնալ և ամբողջովին փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դաշտը, ինչը չի համապատասխանում գերտերությունների նպատակներին:
Սարգսյանն ընդգծեց, որ այս ֆոնի ներքո իրական տարաձայնություն է առկա արևմտյան և մահմեդական աշխարհի միջև, իսկ թուրքական համերաշխության գաղափարը, բնականաբար, ուղղակի սպառնալիք է Արևմուտքի համար, որը փորձում է խախտել այդ միությունը:
Դեմկուսի նախագահը կարծում է, որ Թուրքիայում տիրող անբարենպաստ ներքաղաքական իրավիճակի ֆոնի ներքո՝ այդ երկրում մոտ ժամանակներում հնարավոր է իրադարձությունների զարգացման երեք սցենար:
Առաջին հերթին, կուսակցության առաջնորդի խոսքերով, մեծ է ռազմական հեղաշրջման հավանականությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի ռազմական և քաղաքական ղեկավարությունների միջև գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները, և դա արդեն հաստատվում է կոնկրետ փաստերով: «Քաղաքական ղեկավարության կողմից բանակի վրա, մասնավորապես՝ ռազմածովային նավատորմի վրա իրականացված հարձակումները մտահոգության առիթ են տալիս Թուրքիայի ռազմական շրջանակներում: Իսկ աշխարհիկ պետության ձևավորման հռչակված սկզբունքներից իշխող ռեժիմի հեռացումը ևս թեժացնում է դրությունը», - նշեց նա:
Բացի այդ, Դեմկուսի նախագահը կարծում է, որ արտաքին-քաղաքական ուղղվածության փոփոխությունը, Թուրքիայի անկախ վարքն ու Եվրամիություն մտնելու հարցի նկատմամբ նրա ցուցադրական անտարբերությունը, միգուցե, հրահրեցին գերտերություններին Թուրքիան մասնատելու փորձ կատարել, ստեղծել անկախ Քրդստան և նույնիսկ Արևմտյան Հայաստան:
Սարգսյանը նշեց, որ նման գաղափար են արտահայտել ոչ միայն հայկական աղբյուրները, այլև անգլիական հեղինակավոր ամսագրերից մեկը, որը հայտարարել է, որ դա անհրաժեշտ է անել Պարսից ծոցի գոտի և դեպի Արևելք դուրս գալու տարանցիկ ուղիների անվտանգությունն ապահովելու համար:
Միաժամանակ կուսակցության նախագահի կարծիքով, վերջին սցենարն այն է, որի դեպքում Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ ենթարկվելով համաշխարհային հանրության պահանջներին: Այդ դեպքում Անկարան ստիպված կլինի հաշտվել որոշակի սահմանափակումների հետ, որոնք վերաբերում են մերձարևելյան և կովկասյան տարածաշրջաններում գերակա դեր ունենալու նրա պահանջներին:
Դեմկուսի առաջնորդն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը մանրամասն վերլուծություն է պահանջում հայկական քաղաքական վերնախավի կողմից, քանի որ դրանից է կախված, թե ինչպիսին կլինի աշխարհաքաղաքական դասավորվածությունը մոտակա տասը տարվա ընթացքում:-0-
