SELECTORNEWS
Загрузка...

08:56
9/02/2012
Официальный представитель МИД РФ Андрей Нестеренко
Անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գերին
14:39 | 16/ 03/ 2010

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի փոփոխության մասին լուրերը: Դրանք հիմքեր ունե՞ն: Եթե այո, ապա ո՞վ կարող է դառնալ ԵԱՀԿ ՄԽ նոր ռուս համանախագահ:

Ա. Նեստերենկո – Յուրի Մերզլյակովը ստացել է նոր դիվանագիտական նշանակում, ինչը միանգամայն բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Սակայն պետք չէ արագացնել իրադարձությունները: Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Յու. Ն. Մերզլյակովը վայր կդնի հատուկ նշանակությունների դեսպանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահի գործառույթները, մենք կկարողանանք խոսել նոր ներկայացուցչի նշանակման մասին: Համոզված եմ, որ նրա աշխատանքը կլինի լիաամասշտաբ և ոչ պակաս էներգիայով լի, քան նախորդինը:

Կցանկանայի ավելացնել, որ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը չի որոշվում ներկայացուցիչներով: Այն որոշվում է ՌԴ նախագահի կողմից և իրականացվում է արտաքին գործերի նախարարության կողմից: Այնպես որ եկեք սպասենք մեր ներկայացուցիչների փոփոխությանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանի կողմից արվում է անհրաժեշտ ամեն ինչ Մինսկի խմբում ակտիվ դերը պահպանելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա մակարդակը: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում միջնորդների կողմից Մադրիդյան փաստաթղթի չհամաձայնեցված կետերի շուրջ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով կողմերին օգնություն ցուցաբերելու համար:

Ա. Նեստերենկո – Մենք նորմալ ենք գնահատում բանակցությունների ընթացքը: Քննարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային առաջարկները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին, որոնք փոխանցվել են կողմերին մոտավորապես երկու ամիս առաջ և ստացել են «թարմացված Մադրիդյան փաստաթուղթ» անվանումը: Այժմ միջնորդներն ուսումնասիրում են այդ առաջարկների նկատմամբ կողմերի արձագանքը: Նախորդ շաբաթ նրանք հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, իսկ հաջորդ շաբաթ կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարարի հետ, ով օրերս Մոսկվայում էր և Սերգեյ Լավրովի հետ քննարկում էր  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը:

Որքանով հայտնի է, նույն հարցերը քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում:

Այդ հանդիպումների, զրույցների և բանակցությունների արդյունքում Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մարտի վերջին-ապրիլի սկզբին այցելել Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու՝ կարգավորման հիմնական չձահամայնեցված սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով:

«Նովոստի-Արմենիա» - Գոյություն ունեն ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացները շաղկապելու փորձեր: Ինչպե՞ս է դրան վերաբերվում Մոսկվան:

Ա. Նեստերենկո – Մենք հասկանում ենք, որ օբյեկտիվորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները չեն կարող չազդել միմյանց վրա: Միաժամանակ ելնում ենք մեր այն սկզբունքային դիրքորոշումից, որ արդյունավետ չեն մի գործընթացի առաջխաղացումը մյուսի առաջընթացով պայմանավորելու փորձերը: Հակառակ դեպքում երկու գործընթացներն էլ արգելակելու ռիսկ է առաջանում: Հակառակը, անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գերին, որպեսզի չներկայացվեն անիրատեսական նախապայմաններ:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում ռուս-հայկական հարաբերությունների ներկա մակարդակը:

Ա. Նեստերենկո – Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են ավանդական բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը: Այսօր մենք հետևողականորեն ամրապնդում ենք դաշնակցային գործընկերության փոխշահավետ հարաբերությունները, որոնք տարեցտարի ավելի հագեցած են դառնում, ընդգրկում են նոր հեռանկարային ուղղություններ՝ ներառելով խոշոր համատեղ տնտեսական նախագծերի իրագործումը:

Ռուս-հայկական համագործակցության դրական զարգացման ցուցանիշը վերին օղակներում ինտենսիվ քաղաքական երկխոսությունն է:

Առաջնային ենք համարում ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակությունը, արտաքին քաղաքականության հարցերի շուրջ առարկայական փոխգործակցությունը: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դրական առաջխաղացմանը: Համոզված ենք, որ դա ամբողջոովին համընկնում է Կովկասում խաղաղության պահպանման շահերին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»