SELECTORNEWS
Загрузка...

09:02
9/02/2012
Рольф Бенке
Եվրամիության խորհրդատվական խումբը նշում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներում նկատվող առաջընթացը
12:49 | 14/ 07/ 2010

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է առաջացել խմբի ստեղծման գաղափարը: Նախկինում եղե՞լ են նման նախագծի նախադեպեր և ո՞րն է նախագծի էությունը:

Ռ.Բենկե  - Հայաստանում Եվրոպական Միության խորհրդատվական խումբը նորարարական գործիք է, որն ուղղություն և տեխնիկական խորհրդատվություն է ապահովում: Այս հայեցակարգը մշակվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքին ի պատասխան: Սա իր տեսակի մեջ առաջին նման խումբն է և ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում:

Խմբի առանձնահատկությունը առավել շատ բարեփոխումների կարիք ունեցող հայաստանյան առանցքային ոլորտների սահմանումն է:

Խումբն աշխատում է որպես ներդաշնակ թիմ, որն աջակցում է Հայաստանում բարեփոխումների ծրագրի առաջխաղացմանը:       

Հիմնական ոլորտները, որոնց վրա կենտրոնացված է խմբի գործունեությունը, պետական կառավարումն է, արդարադատությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև առևտրի և տնտեսության ոլորտի բարեփոխումները:

Այժմ իմ գլխավոր խմբի կազմում ընդգրկված են 11 հիմնական խորհրդատուներ, ովքեր գրեթե միշտ աշխատում են նշած ոլորտներում, ինչպես նաև՝ վեց խորհրդատու, ովքեր պարբերաբար աշխատում են անմիջապես Հայաստանում: Բացի այդ, խմբի կազմում ընդգրկված են 15 տեղական փորձագետներ և 16 թարգմանիչներ:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ արդյունքների է հասել խումբը Հայաստանում խորհրդատվական առաքելության ողջ ընթացքում:

Ռ. Բենկե  - Ամփոփելով խմբի գոյության ողջ ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները՝ մի քանի օրինակ բերեմ. Եվրամիության Խորհրդատվական խումբն աջակցել է Հայաստանի կառավարությանը հակաճգնաժամային ռազմավարության մշակման և հակաճգնաժամային օրենսդրությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում: Բացի այդ, Եվրամիության Խորհրդատվական խումբն աջակցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ մարդու իրավունքների իրավիճակի գնահատման և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի պատրաստման հարցում: Բացի այդ, ՀՀ խորհրդարանի նախաձեռնությամբ ԵՄ Խորհրդատվական խումբն աջակցում է խորհրդարանին Եվրոպայի խորհրդարանականների հետ կապեր հաստատելու հարցում:

Տնտեսության ոլորտում ԵՄ ԽԽ-ն ակտիվորեն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը Եվրամիության հետ ազատ առևտրի մասին խորը և բազմակողմանի համաձայնագրի պատրաստման հարցում՝ մասնավորապես Հայաստանի առևտրի տեխնիկական սահմանները կարգավորող օրենսդրությունը, սանիտարիայի և ֆիտոսանիտարիայի նորմերն ու մտավոր սեփականության իրավունքները համապատասխանացնելով եվրոպական չափորոշիչներին:

Մեր կողմից Ֆինանսների նախարարությանը ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է պետական պարտքի կառավարման արդիականացման և օպտիմալ կազմակերպման ընտրության մեջ, Պետեկամուտների կոմիտեին մենք աջակցում ենք հարկային օրենսդրության արդիականացման և հարկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցում:

Սա, իհարկե, ոլորտների ամբողջական ցանկը չէ, որտեղ ԵՄ Խորհրդատվական խումբն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում: Սա բազմափուլ և երկարատև գործընթաց է: ԵՄ ֆինանսական գործիքների հետ միասին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ խումբը շարունակել է աջակցել Հայաստանին ԵՄ-ի կազմում հայտնվելու նրա ձգտման գործում:

«Նոովստի-Արմենիա» - Ինչպե՞ս կգնահատենք Հայաստանի եվրաինտերգման գործընթացի ինտենսիվությունն և հաջողված լինելը՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ:

Ռ. Բենկե – Քանի որ ԵՄ Խորհրդատվական խումբն աշխատում է միայն Հայաստանում, դժվար է որևէ համեմատություն անել Հարավային Կովկասի այլ պետությունների եվրաինտեգրման գործընթացի ինտենսիվության կապակցությամբ:

Կարող եմ միայն նշել, որ Եվրամիության Խորհրդատվական խմբի հայեցակարգը հաջող թեստավորում է անցել և հետագայում կատարելագործվել է Հայաստանում: Այժմ խորհրդատվական խմբի նմանատիպ մոդել է կիրառվում Մոլդովայում, միաժամանակ նախագծի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Վրաստանը:

Ինչ վերաբերում է հանրապետությունում գործընթացի հաջողված լինելուն, նշեմ, որ այն ոլորտներում, որտեղ ԵՄ Խորհրդատվական խումբն աջակցել է Հայաստանին բարեփոխումների իրագործման հարցում, առաջընթացն ակնհայտ է:

Մասնավորապես, քաղաքական բարեփոխումների ոլորտում ԵՎ Խորհրդատվական խումբն աջակցել է Հայաստանին հանրապետությունում կոռուպցիայի և մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի գնահատման հարցում: Ինչ վերաբերում է առևտրի տնտեսության ոլորտի բարեփոխումներին, ապա այստեղ, առաջին հերթին, մենք ակտիվորեն օգնել ենք Հայաստանին պատրաստվել Եվրամիության հետ ազատ առևտրի մասին խորը և բազմակողմանի համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին խոչընդոտող հիմնական պատճառները, և առաջին հերթին ի՞նչ պետք է արվի այդ գործընթացն արագացնելու համար:

Ռ. Բենկե – Քանի որ Խորհրդատվական խմբի հիմնական գործունեությունը բարեփոխումների իրականացման ուղղություnն ընտրելու հարցում աջակցություն ցուցաբերելն է, ապա մենք չենք կարող քննարկել եվրաինտեգրման գործընթացին խոչընդոտող պատճառները: Ավելի ճիշտ կլինի խոսել անցումային երկրներին հատուկ կառուցվածքային հարցերի մասին:

«Նովոստի-Արմենիա» - Հարավկովկասյան տարածաշրջանի ո՞ր երկիրն առավել մեծ հնարավորություններ ունի ԵՄ լիիրավ անդամ դառնալու, և Հայաստանից դրա համար որքա՞ն ժամանակ կպահանջվի:

Ռ. Բենկե – Այժմ չափազանց շուտ է խոսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին: Հաջորդ քայլը կլինի ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը, այս հարցի շուրջ բանակցությունները կմեկնարկեն հուլիսին: Սա ևս մեկ քայլով Հայաստանին կմոտեցնի եվրոպական արժեքներին, օրենսդրությանը, ինչպես նաև ավելի սերտ տնտեսական հարաբերություններին: Ընդհանուր առմամբ, սա բավականին երկարատև գործընթաց է, որը Հայաստանից ակտիվ մասնակցություն կպահանջի:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»