ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հավանականությունը բավականին մեծ է, ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Թուրքիայի արտգործնախարարության Եվրասիայի երկրների դեպարտամենտի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը հայտնել է, թե հավանական է, որ սեպտեմբերի 11-17-ը «Հայաստան 2010» տարերային աղետներին հակազդելու ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Թուրքիան ժամանակավորապես բացի Հայաստանի հետ սահմանը:
«Եթե դա տեղի ունենա, ապա դա հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր ձևաչափում բավական իրական գործոն կլինի»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Մինասյանը։
Միաժամանակ նա ավելացրեց, որ թուրքական ղեկավարությունն ամենայն հավանականությամբ դեռ վերջնական որոշում չի կայացրել, կամ եթե կայացրել է, դեռ չի հնչեցրել։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ Թուրքիայի փոխհարաբերությունների մասին խոսելիս, քաղաքագետը նշեց, որ դրանք բխում են հենց Թուրքիայի շահերից։
«Եթե Թուրքիան փորձում է ինչ-որ առավել գլոբալ և դրական դեր խաղալ տարածաշրջանում, ինչպես դա փորձում է ցուցադրել Թուրքիայի այսօրվա քաղաքական ղեկավարությունը, ապա նա պետք է ազատվի իր հարևանների հետ հակամարտող երկրի վարկանիշից»,- ասաց նա։
Ըստ Մինասյանի, դրանից ելնելով, հասկանալի և ակնհայտ է, որ Թուրքիան կշարունակի ինչ-որ հնարավորություններ փնտրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Ես կարծում եմ, որ տեսանելի պատմական հեռանկարում այն, որ սահմանները վաղ թե ուշ կբացվեն, նույնպես ակնհայտ է»,- պարզաբանեց նա։
Ըստ փորձագետի, դրա հետ մեկտեղ Թուրքիայի դիրքորոշման վրա մասնավորապես ազդում է թուրքական հանրության կարծիքի դիրքորոշումը, առաջիկա ընտրությունները, հանրաքվեն, ինչպես նաև Ադրբեջանին վերջնականորեն չկորցնելու Թուրքիայի ձգտումը։
«Հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը լուրջ անհամաձայնություն է մտցրել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում, և դա փաստ է։ Միաժամանակ Թուրքիան կփորձի առավելապես չփչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, և դրա համար Հայաստանի հետ կարգավորման քայլերի նրանց փորձերը տեսանելի ապագայում, ամենայն հավանականությամբ, այդքան էլ աղմկոտ տեղեկատվական լուսաբանում չի ունենա, ինչպես եղավ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ»,- ընդգծեց Մինասյանը։
Հայ-թուրքական սահմանի բացման «տեսանելի պատմական հեռանկարների» հանդեպ սեփական դիրքորոշումը պարզաբանելով՝ Մինասյանն ասաց, որ տվյալ պահին Հայաստանի հետ փոխհարաբերություններում Թուրքիայի համար մի քանի կարևոր քայլեր կան, դրանք են՝ մինչև 2015թ.-ի ժամանակահատվածը (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակը. «Նովոստի-Արմենիա»), հենց 2015թ.-ը և դրան հետևող ժամանակահատվածը։
«Դրանից ելնելով՝ տեսանելի ապագան մինչև 2015թ.-ն ընկած ժամանակահատվածն է։ Ավելին, այն հավանականությունը, որ մինչև 2015թ.-ը և հնարավոր է ավելի շուտ, ոչ միայն սահմանները կբացվեն, այլ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման ինչ-որ տարր կունենան, բավական մեծ է»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե գլոբալ ֆորսմաժորային հանգամանքներ չլինեն՝ կոնկրետ Հայաստանի կամ Թուրքիայի հետ կապ չունեցող։
Վերջին երկու տարում առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-
