ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2011 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցել է 6355 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ և մարմնական վնասվածքներ ստացել 4059-ը:
Հաղորդագրության համաձայն, 2010 թվականին մայրաքաղաքում գրանցվել է 5450 արտակարգ պատահար, ինչի հետևանքով զոհվել է 213 մարդ, իսկ 3325-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
2011թ.-ի ընթացքում Երևանում, 2010թ.-ի համեմատությամբ, գրանցված արտակարգ դեպքերն աճել են 16.6 տոկոսով (905-ով), զոհերի թիվը՝ 1,9 տոկոսով (4-ով), իսկ վիրավորների թիվը՝22.1 տոկոսով (734-ով), նշվում է հաղորդագրության մեջ:
Գրանցված դեպքերից 3053-ը (48%) տեխնածին են։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետևանքով զոհվել է 62 մարդ, վիրավորվել` 1107-ը:
Տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհներն են (2010թ.-ին՝ 1842), որոնց հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 12 մարդ:
Բացի այդ, 93 պատահար 2011 թվականին տարերային աղետի արդյունք են եղել:
Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որոնց հետևանքով մահացել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4 տոկոսը, վիրավորվել` 2952 մարդ: 2010թ.-ի համեմատությամբ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:
Միաժամանակ, 2011 թվականին Երևանում գրանցված թունավորումների հետևանքով զոհ վել է 20 մարդ (2010թ.-ին` 24): Ընդհանուր առմամբ, 2011 թվականին թունավորումներից տուժել է 2870 մարդ (2010թ.ին` 2170):---0-
