ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը ապակառուցողական դիրք է զբաղեցնում ղարաբաղյան կարգավորման հարցում, Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության եթերից հայտարարեց ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ներկայումս ադրբեջանական կողմը ոչ մի քայլով չի տեղաշարժվել իր դեկլարատիվ հայտարարություններից՝ կառուցողականության տեսակետից, և այս առումով ԼՂՀ դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ավելի կառուցողական է, քան Ադրբեջանի դիրքորոշումը:
«Իմ կարծիքով՝ ավելի լավ է ձգձգվող բանակցությունները, թեկուզ դրանք տասնամյակներ ձգվեն, հիշենք իսրայելապաղեստինյան հակամարտությունը, քան ռազմական ուղին: Ամեն դեպքում՝ ժամանակը ցույց կտա, և կողմերից յուրաքանչյուրը կհասկանա, որ համաշխարհային պատմության մեջ դեռևս ոչ մի ազգ կամ ժողովուրդ չի եղել, որը պայքարի իր ազատության ու անկախության համար և հանկարծ զիջի՝ որևէ պատճառով»,- նշեց Պետրոսյանը:
ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ադրբեջանին ժամանակ կպահանջվի հասկանալու համար, որ անկախությունը առևտրի ու շահարկման առարկա չէ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-
