SELECTORNEWS
Загрузка...

08:51
9/02/2012
Граница
Հանձնաժողովը դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների զուտ մարդասիրական խնդրի քաղաքականացումը
14:14 | 25/ 02/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովը կտրուկ դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների և պատանդների զուտ մարդասիրական խնդրի քաղաքականացումը։ 

«Կասկածելի քարոզչական դիվիդենտներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի» մասին»,- ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ռազմագերիների, անհայտ կորածների  և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովի տրամադրած հաղորդագրության մեջ։

«Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են և մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ»,- նշվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ ասվում է, որ մտահոգության տեղիք է տալիս տվյալ երևույթի մեկ այլ կողմը:

«Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռազմագերիների, անհայտ կորածների  և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովը հարկ է համարում հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնևյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների և պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են:

«Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման  և դրանց դրույթները անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնևյան կոնվենցիաներին անվերապահորեն հետևելը բազմիցս հաստատել են  միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»,- նշվում է հայտարարությունում։

Պետհանձնաժողովը միաժամանակ կոչ է անում շահագրգիռ միջազգային կառույցներին և առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողություններին և համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»