SELECTORNEWS
Загрузка...

08:36
9/02/2012
Мирослав Лайчек
Սլովակիան կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային իրավունքի երեք սկզբունքների կիրառմանը. ԱԳ նախարար
11:05 | 22/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչեկը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային իրավունքի երեք սկզբունքների կիրառմանը:

«Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտությունը կարգավորելու ջանքերին, այդ սկզբունքները բաղկացած են երեք հիմնական գաղափարներից՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում», - ասել է Լայչեկը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք հարգում ենք այս երեք սկզբունքներն ու Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և ցանկանում ենք, որ հակամարտությունը կարգավորվի, քանի որ հասկանում ենք, թե որքան կարևոր է դա ձեր երկրի և Ադրբեջանի համար: Մենք չենք ցանկանում միջամտել ընթացող գործընթացին, սակայն ուզում ենք օգնել ձեզ», - ասել է Լայչեկը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»