SELECTORNEWS
Загрузка...


06:16
23/05/2012

Президент Армении Серж Саргсян
Ադրբեջանը շրջաններ է կորցրել՝ չենթարկվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին. ՀՀ նախագահ
12:47 | 22/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը շրջաններ է կորցրել՝ չենթարկվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ ղարաբաղյան հարցին վերաբերող բանաձևերին և մշտապես խախտելով զինադադարը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Euronews»-ին տված հարցազրույցում:

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ցուցադրել է հարցազրույցների հատվածներ, որոնք չեն ներկայացվել «Euronews»-ի հիմնական ռեպորտաժում:

ՀՀ նախագահը գանգատվել է, որ չկա խնդրի էության մեջ խորանալու ցանկություն, չեն ցանկանում նաև տեսնել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:

«Մի՞թե այսօր, երբ այդ իրադարձություններից հետո անցել է 16-17 տարի, մենք մոռացել ենք պատճառահետևանքային կապը», - ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թ.-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող չորս բանաձև:

«Որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչու չորս բանաձև: Ո՞րն է պատճառը, որ իրար ետևից չորս բանաձևերի ընդունումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս բանաձևեր չընդունեց: Այն պատճառով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին բանաձևը վերաբերում էր հենց ռազմական գործողությունների դադարին: ՄԱԿ-ը կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Հայաստանին միայն կոչ արեց օգտագործել սեփական հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար, ինչը Հայաստանն ամբողջությամբ կատարեց», - ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը չէր ենթարկվում այդ բանաձևերին, մշտապես խախտում էր հրադադարն ու կորցնում նոր շրջաններ:

«Նոր բանաձևից հետո Ադրբեջանը խախտում էր հրադադարն ու նոր շրջան կորցնում: Իսկ ի՞նչ պետք է աներ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Բարձրացներ ձեռքերը, որպեսզի ադրբեջանցիները գային ու սպանեի՞ն իրենց», - նշել է ՀՀ նախագահը:

«Ի՞նչ պետք է անեն ղարաբաղցիները: Վերադարձնե՞ն տարածքները, որպեսզի Ադրբեջանը կրկին հարձակվի և նրանք կրկի՞ն պաշտպանվեն: Այժմ Ադրբեջանը սպառնում է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին ռազմական գործողությունների վերսկսմամբ: Իսկ եթե ռազմական գործողությունների արդյունքում ղարաբաղցիներին հաջողվի ևս մեկ կամ երկու շրջան զբաղեցնե՞լ: Կրկի՞ն պետք է մեղադրեն ղարաբաղցիներին կամ Հայաստանին նրանում, որ իրենք պաշտպանվել են», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ եթե Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Ղարաբաղն իր կազմի մեջ, ապա պետք է վերականգնի Խորհրդային Միությունը:

Նա անդրադարձել է նաև հակամարտության գոտի փախստականների վերադարձի խնդրին:

Նրա խոսքերով, մարդիկ պետք է իմանան, թե ուր են վերադառնում, թե ինչպիսի օրենքներով են ապրելու, ինչպիսի դատարան է իրենց դատելու, եթե Աստված չանի հանցագործություն կատարեն:

Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը չի մերժում փախստականների վերադարձի իրավունքը, սակայն դա պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանումից հետո:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»