ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի զինծառայողները մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի տարբեր հատվածներում 98 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, բացի տարբեր տեսակի հրաձգային զենքերից, Ադրբեջանի առաջադեմ ստորաբաժանումներն օգտագործել են նաև ՍՎԴ և «Սև նետ» դիպուկահար հրացանները:
Միայն մարտի 15-ին ժամը 17-19-ը Ղարաբաղի դիրքերի շփման գծի հարավարևելյան հատվածի ուղղությամբ հակառակորդը ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացանից 13 գնդակ է արձակել: Նույն տիպի դիպուկահար հրացանից գնդակոծման տասնյակ փաստեր են գրանցվել նաև առաջնային գծի այլ հատվածներում:
«Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ առաջնային դիրքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից բացի ԼՂՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն արձանագրել են, որ հակառակորդը օդուժի զորավարժություններ է անցկացում սահմանամերձ տարածքում: ԼՂՀ օդային սահմանի խախտումներ չեն գրանցվել:-0-
