ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման, նախորդ կիրակի հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց հետ հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաև փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները:
Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Արցախի Հանրապետության նախագահը կրկին հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը»
Համանախագահները նույնպես նշել են, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Բակո Սահակյանը նշել է, որ այն որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, և դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա` մտցնելով փակուղի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
