ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի զինծառայողները մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի տարբեր հատվածներում ավելի քան 100 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ստորաբաժանումները տարբեր տեսակի հրաձգային զենքերից կրակ են բացել շփման գծի հարավ-արելյան, կենտրոնական և հյուսիս-արևելյան հատվածներում գտնվող ղարաբաղյան դիրքերի վրա:
Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ավելի ինտենսիվ էր շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում: Միայն մարտի 22-23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ և Յարիմջա ուղղություններում գտնվող ղարաբաղյան դիրքերը գնդակոծվել են հակառակորդի կողմից 34 անգամ, որոնց ընթացքում «АК» տեսակի ինքնաձիգի օգտագործումից բացի կիրառվել են նաև ՍՎԴ և «Սև նետ» դիպուկահար հրացանները:
«Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ղարաբաղյան կողմից զոհեր չկան», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-
