Երևան, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի լուծման քաղաքական պահը բաց է թողնվել դեռ 1994թ.-ին, կարծում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
«1994թ.-ին մենք չպետք է կանգ առնեինք, այլ պետք է ստիպեինք վերջնական փաթեթը ստորագրել։ Հասկանալով, որ մեր հակառակորդը 1994թ.-ին համաձայնվեց ստորագրել համաձայնագիրը, պետք է չէ պատրանքների գիրկն ընկնել և համարել, որ վաղը պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Դա բոլորովին լուրջ չէ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բաբայանը։
Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ երբ պատմության մեջ պատրաստվում էր այս կամ այն պայմանագրի ստորագրումը, կողմերից մեկի համար այդ պայմանները բոլորովին անընդունելի էին։
«1994թ.-ին Ադրբեջանը ստիպված էր մեզ հետ համաձայնագիր կնքել»,- պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ տվյալ երկրների ժողովուրդների հոգեկերտվածքը հետևյալն է. «Մենք չենք կարող կես խոսքից հասկանալ միմյանց, և նման քայլերի ստիպված ենք դիմում»։
Ղարաբաղյան կողմին բանակցությունների գործընթացում ներգրավելու հնարավորության մասին խոսելիս՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ դրանից տվյալ պահին ոչինչ չի փոխվի։
«Ղարաբաղը կարող է գործընթացին մասնակից դառնա, եթե իրավիճակը սրվի և գագաթնակետին հասնի»,- ասել է նա։
Բաբայանը կարծում է նաև, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ ղարաբաղյան կողմն ինտեգրվի բանակցային գործընթացում, իսկ համանախագահները նույնիսկ չեն փորձում այդ հարցում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և ղարաբաղյան կողմին բանակցության մեջ ներգրավել։
«Մինսկի խումբն իր դերը չի կատարում»,- ավելացրել է նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
