ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել, ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: «Ամեն ինչ տանում է դեպի պատերազմ: Ադրբեջանը լկտիաբար ցանկանում է ամեն ինչ ստանալ՝ չտալով ոչինչ: Իսկ դա խոսում է այն մասին, որ նա գործը դեպի պատերազմ է տանում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքների այսպես կոչված թարմացված տարբերակը դրոշ է սարքել՝ փորձելով լուծել սեփական խնդիրներն ու ստեղծել ընդհանուր ֆոն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
«Մենք դատապարտված ենք հաղթել այդ պատերազմում, այլընտրանք չունենք: Եթե Ադրբեջանն այլընտրանք ունի, օրինակ՝ նահանջել կամ գնալ որևէ զիջումների, ապա մենք այլընտրանք չունենք», - ընդգծեց Բաբայանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է Ադրբեջանին ետ պահում ռազմական գործողություններ սկսելուց՝ Բաբայանն ասաց, որ զսպող գործոնների թվում պակաս կարևոր չէ այն, որ Ադրբեջանն «այդքան էլ համոզված չէ իր և անպայման հաջողության հասնելու մեջ»:
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե պատերազմի վերսկսման դեպքում նա կրկին պարտություն կրի, ապա կկորցնի ոչ միայն պետության 13-20 տոկոսը, այլև կարող է կորցնել 50 տոկոսը, և ոչ մի միջնորդ չի կարող դա կանգնեցնել», - ասաց Բաբայանն՝ ավելացնելով, որ դրանից հետո կողմերը կստորագրեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերջին 16 տարվա ընթացքում չեն ստորագրվում:
Միաժամանակ նախկին նախարարն ավելացրեց, որ խնդիրը ռազմական բյուջեի կամ բանակի քանակի մեջ չէ, այլ ուրիշ մարտավարական հարցերում է:
«Ադրբեջանը շատ է ցանկանում լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, սակայն ես չգիտեմ, թե նա երբ հոգեպես և ռազմական տեսակետից պատրաստ կլինի պատերազմի վերսկսման», - ասաց Բաբայանը:
Խոսելով հայկական բանակի պատրաստվածության մասին՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստվում է ամեն օր, և պարտադիր չէ, որպեսզի դա ի ցույց դրվի: «Ցանկացած բանակ ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի», - ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
