ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) պատվիրակությունն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ստեփանակերտից տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
ՈՒՄՎ պատվիրակության հետ հանդիպումն անցկացվել է ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։
Պատվիրակությունն Արցախ է ժամանել ճանաչողական այցով՝ Երևանում Ուղղափառության ամենամյա 17-րդ Գլխավոր վեհաժողովի ավարտից հետո։
«Շնորհակալություն եմ հայտնում վեհաժողովի կազմակերպիչներին, տարբեր երկրների ազգային պատվիրակություններին արցախյան հնագույն երկիր ժամանելու համար»,- իր ողջույնի խոսքում ասաց ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը։
Ներկայացնելով ժամանած հյուրերին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ընդգծեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՈՒՄՎ Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևի կարևորությունը, որը խնդրի խաղաղ լուծման է կոչ անում կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ։ -0-
