ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի համաձայն, նախորդ շաբաթ ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 90 դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՀՂ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության բաժնին, հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերը՝ օգտագործելով շուրջ 900 փամփուշտ:
Գնդակոծումների առավել հաճախակի դեպքեր են գրանցվել «ՊԿ» տեսակի գնդացիրներից: Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը միայն Մարտունու շրջանի ուղղությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի վրա շուրջ 100 գնդացրային կրակ են ուղղել:
«ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է», - նշվում է ԼՂՀ ՊՆ տեղեկատվության մեջ:-0-
