ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այլ երկրները, դժվար թե, ուղղակիորն ճանաչեն Ղարաբաղը, եթե Հայաստանի չճանաչի ԼՂՀ-ն, հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Դաշնակցության Արցախի կենտկոմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Նախապատրաստական աշխատանքների անցկացման, ինչպես նաև այս ուղղությամբ առանձին երկրներում և միջազգային կառույցներում իրականացվող աշխատանքների գործընթացը պետք է ակտիվացվի», - ասել է Իշխանյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացն ընթանա ավելի նպատակաուղղված քաղաքական հունով:
ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժերը պետք է համապատասխան քաղաքական կամք դրսևորեն և կարողանան օգտագործել քաղաքական պահերը ԼՂՀ-ն ուղղակիորեն ճանաչելու տեսակետից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
