ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր», - նշվում է տեղեկատվության մեջ:
Նախօրեին ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները ԼՂՀ հյուսիս-արևելքում ադրբեջանական դիվերսիոն ակցիա են կանխել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել:
ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժնից տեղեկացրեցին, որ «ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ»: Մարտի ընթացքում վիրավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը:
Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ նման միջադեպն է:
Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Զինված ուժերի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովին, ով սպանվել է դիվերսիոն ակցիայի ժամանակ, ցմահ շնորհել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
