SELECTORNEWS
Загрузка...

08:43
9/02/2012
«Կարոտ» փառատոնը նպաստում է միջազգային մշակութային երկխոսության զարգացմանը
16:03 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կարոտ» միջազգային փառատոնը դրական լիցք է հաղորդում մշակութային միջազգային երկխոսության զարգացմանը, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Կարոտի» գործունեությունն օժանդակում է արտերկրում հայկական մշակույթի ճանաչելիությանը, ինչպես նաև տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթը Հայաստանում և Արցախում ներկայացնելու գործընթացին»,- նախօրեին Ստեփանակերտում փառատոնի հանդիսավոր բացմանը ասաց նա:  

«Այն, որ այսօր մեզ հետ այստեղ են Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից և այլ տարածաշրջաններից ժամանած անվանի երաժիշտներ, դերասաններ, մշակույթի ականավոր գործիչներ, դրա վառ ապացույցն է»,- ասաց Սահակյանը՝ հաստատելով իրենց շահագրգռվածությունը նման համագործակցության համար:

Նա կրկին շնորհավորեց արցախցիներին սեպտեմբերի 2-ին նշվող պետական տոնի՝ Արցախի Հանրապետության Օրվա կապակցությամբ: «Այս իրադարձությունը համահայկական նշանակության իրադարձություն է դարձել և նոր էջ է բացել մեր նորագույն պատմության մեջ: Արցախը Մայր-Հայաստանի և հայության հետ կարողացավ դիմակայել բազմաթիվ դժվարությունների, պահպանել և ամրապնդել իր պետական անկախությունը և անվտանգությունը, հուսալի հիմք ստեղծել կայուն զարգացման համար»,- ընդգծեց նա:

Նախագահը հայտարարեց, որ բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում  առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունն է: «Այդ միասնության ամրապնդման գործում անգնահատելի է այդ ոլորտում մշակութային կապերի ընդլայնման և զարգացման նշանակությունը: Այդ գործընթացում իր հատուկ դերն է խաղում «Կարոտ» միջազգային փառատոնը, որը մեկնարկել է 2008 թվականին և աևդեն կարևոր իրադարձություն է դարձել ողջ հայության համար»,- նշեց Սահակյանը:

Ինչպես նշեց Ղարաբաղի նախագահը, փառատոնի կազմակերպման գործում իրենց ջանքերն են միավորում պետական և հասարակական կազմակերպություններ, գործարար-շրջանակներ, մշակույթի առաջատար ներկայացուցիչներ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում, մարդիկ, ում համար հայկական ինքնատիպության և ազգային ժառանգության պահպանումը բացառիկ արժեք է:

Իր խոսքի ավարտին Սահակյանը երախտիքի խոսքեր ուղղեց «Կարոտ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին՝ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամին, Արցախում այդ կարևոր միջոցառման անցկացման համար: «Հույս ունեմ, որ դա բարի ավանդույթ կդառնա և շարունակություն կունենա: Կրկին շնորհավորում եմ բոլորին և մաղթում հաջողություն և ամենայն բարիք»,- ասաց նա:

«Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում:

Փառատոնի գլխավոր իրադարձությունը «Կարոտ» մրցանակների հանձնումն է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մշակույթի, արվեստի, գիտության, սպորտի և այլ ոլորտների ականավոր գործիչներին, հայ ժողովրդի բարեկամներին, այն մարդկանց, ում ստեղծագործությունը կապված է Հայաստանի հետ, ով իր գործունեությամբ ավանդ է ներդրել հայկական և համաշխարհային մշակույթում:

«Կարոտ» մրցանակի են արժանացել Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը, Իոսիֆ Կոբզոնը, Անդրեյ Բիտովը, Նիկիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Շավարշ Կարապետյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Աբրահամը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»