SELECTORNEWS
Загрузка...


06:55
23/05/2012

здание парламента Армении Национальное собрание
Կոալիցիոն խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը
14:37 | 07/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն խմբակցությունը երեքշաբթի բոյկոտեց Ազգային ժողովի նիստը:

ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կտրուկ հայտարարությունից հետո, որը հասցեագրված էր խոսնակին ու իշխող ՀՀԿ-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, որից հետո ԲՀԿ անդամներն այլևս չվերադարձան դահլիճ և չմասնակցեցին քվեարկությանը:

«Հաշվի առնելով, որ նախօրեին ինձ զրկեցին խմբակցության տեսակետը հայտնելու հնարավորությունից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանի»-ն ուղղված ոչ կոռեկտ գնահատականները ինչպես խոսնակի, այնպես էլ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից, հարկ եմ համարում հստակեցնել, որ մեր խմբակցությունը բազմաթիվ անգամ քննարկումների ժամանակ երեկվա օրինագծի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումն ու քվեարկել է իր համոզմունքներին համապատասխան՝ խոսքը գործով ապացուցելով»,- ասաց Զոհրաբյանը:

Երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի կառավարության նախաձեռնած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, ինչի արդյունքում օրինագիծը չընդունեց առաջին ընթերցմամբ: ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը անհասկանալի համարեց ԲՀԿ-ականների նման պահվածքը:

«Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ արված ամպագոռգոռ հայտարարություններից, բոլորիս պարզ է, որ այդ օրինագիծը ոչ մի կապ չունի դրա հետ և դրա նպատակը առանց այդ էլ նախանձելի վիճակում գտնվող բանկերին երկրի քաղաքացիների հաշվին հավելյալ եկամուտներ ապահովելն է»,- հայտարարեց պատգամավորը:
Օրինագծում նախատեսված է նաև խանութներում և սպասարկման այլ կետերում անկանխիկ վճարումների ընդունման սարքերի պարտադիր տեղադրում: Բացի այդ, սահմանվել է մի դրույթ, որն արգելում է ապրանքի կամ ծառայության գնի բարձրացում անկանխիկ վճարման դեպքում:

Օրինագիծն ուղղված է հարկային վարչարարության, ստվերային տնտեսության դեմ պայքարի ուժեղացմանը, ֆինանսական միջնորդության ծավալների ավելացմանը, անկանխիկ վճարումների իրականացման կուլտուրայի ձևավորմանը:

Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, և «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»