ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքում «Հայաստանի օր» է անցկացվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 2-ին Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում հայտարարվել էր «Հայաստանի օր», որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Շիրակի մարզի Այգեբաց գյուղի ջրային համակարգի վերականգնման ծրագրի շնորհանդեսը», - ասվում է տեղեկատվության մեջ:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այդ ծրագրի համաձայն՝ առաջին փուլում վերականգնվում է գյուղ տանող խմելու ջրի խողովակաշարը` շուրջ 7 կիլոմետր, այնուհետև երկրորդ փուլով վերանորոգվելու է գյուղի ջրամատակարարման ներքին ողջ ցանցը:
Առաջին փուլի իրականացման համար հատկացվել է 300.000 եվրո:
Շնորհանդեսին հաջորդել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Դեսպան Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև նահանգային, քաղաքային և գյուղային մակարդակներով ուղիղ կապերի հաստատումը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնման համար և հույս հայտնել, որ այն կարող է օրինակ ծառայել նաև Իտալիայի մյուս նահանգների և քաղաքների համար:
Նույն օրը Բանյո Ռիպոլի քաղաքային դպրոցի իտալացի աշակերտները ներկայացրել են «Արարատ» բեմադրությունը, որը նվիրված էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:-0-
