ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը հինգշաբթի քննարկել է շրջանի հայկական համայնքից ստացված առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշարձանի տեղադրման վերաբերյալ, և որոշում է ընդունել տեղ հատկացնել մայրաքաղաքի Օդեսայի հրապարակում հուշակոթող կանգնեցնելու նպատակով, տեղեկացնում է Analitika.at.ua-ն։
Ինչպես պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնեց շրջխորհրդի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, դա շատ մեծ իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայկական համայնքի համար և հայ ժողովրդի համար ընդհանրապես։ Պատգամավորը վստահ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը ժամանակի ընթացքում կդառնա Կիևի հայերի և Ուկրաինայի հյուրերի այցելության ավանդական վայրը։
Շրջխորհրդի պատգամավոր Անատոլի Սուլդինն իր հերթին նշեց Գոլոսեևի շրջանի հայկական համայնքի արդյունավետ աշխատանքը՝ հույս հայտնելով ուկրաինա-հայկական բարեկամության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։
Ուկրաինայի Հայկական Ազգային Կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին նշված վայրում կտեղադրվի հուշակոթող, նախատեսվում է նաև Հայաստանի հողով լցված պատիճ, ինչպես նաև հուշատախտակ և խաչ տեղադրել։ Իսկ կոմպոզիցիան նախատեսվում է տեղադրել մեկ տարվա ընթացքում։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-
