SELECTORNEWS
Загрузка...

21:29
8/02/2012
Русский язык, книга
Մարիամ Պետրոսյանը հավակնում է «Ռուսական մրցանակ» մրցույթի «խոշոր արձակի» լավագույն հեղինակի կոչմանը
17:13 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արտերկրում բնակվող ութ ռուսալեզու գրողներ ընդգրկվել են «Ռուսական մրցանակ» միջազգային գրական մրցույթի շորթ-լիստում 2009 թվականի արդյունքներով, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են կազմակերպիչները։

«Ռուսական մրցանակ» մրցույթում «խոշոր արձակի» լավագույն հեղինակի կոչման համար կպայքարեն Դինա Ռուբինան «Կորդովայի ճերմակ աղավնյակը» վեպով (Իսրայել), Անդրեյ Իվանովը «Մի բուռ փոշի» վեպով (Էստոնիա) և Մարիամ Պետրոսյանը «Տունը, որտեղ ...» վեպով (Հայաստան)։

«Պոեզիա» անվանակարգի շորթ-լիստում մրցանակի կազմկոմիտեն ընդգրկել է Ալեքսանդր Կաբանովային (Ուկրաինա), Մարիա Տիմակովային (ԱՄՆ) և Սերգեյ Տիմոֆեևին (Լատվիա)։

«Փոքր արձակ» անվանակարգի եզրափակչի մասնակիցներ են դարձել միայն երկու գրողներ՝ Ալեքսեյ Կուրիլկոն (Ուկրաինա) «Ահնաջողակների կույտ» վիպակի համար և Ալեքսեյ Տորկը (Ղրղզստան) «Ֆարհան ու Շիրինը» պատմվածքների ժողովածուի համար:

Սովորաբար յուրաքանչյուր անվանակարգի շորթ-լիստում ընդգրկվում է երեքական հեղինակ։ Բայց, կազմակերպիչների ներկայացուցչի խոսքերով, ժյուրին այս տարի փոքր արձակի մրցանակի հայտ ներկայացրած հեղինակների որոշակի «ստեղծագործական ճգնաժամ» նկատեց։

«Ռուսական մրցանակի» համար ընդամենը հայտավորվել է 432 ստեղծագործություն։ Մրցույթի մասնակցության հայտեր են ներկայացվել աշխարհի 34 երկրների գրողների և բանաստեղծների կողմից։

Հավակնորդների լոնգ-լիստում են 39 ռուսալեզու գրողների ստեղծագործություններ աշխարհի 17 երկրներից՝ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Կանադայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Էստոնիայից։ «Ռուսական մրցանակ» մրցույթի հաղթողների անունները կհնչեն Մոսկվայում ապրիլի 12-ին կայանալիք պարգևատրման արարողության ժամանակ։

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կստանա 5 հազար ԱՄՆ դոլարի մրցանակ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները՝ 2 հազար և 1,5 հազար ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար։ Ավանդական պարգևներից բացի արարողության ընթացքում կհանձնվի նաև մրցույթի կազմկոմիտեի «ՌԴ սահմաններից դուրս ռուսական մշակույթի ավանդույթների պահպանման և զարգացման գործում ունեցած ներդրումի համար» հատուկ մրցանակը։

Նախատեսվում է, որ այդ մրցանակը (նյութական արտահայտությունը՝ 1500 դոլար և հատուկ դիպլոմ) կհանձնվի սխրագործության և մշակութագործության համար, այն կշնորհվի մշակութային կենտրոնների, հիմնադրամների, արխիվների, հրատարակչությունների և հրատարակումների հիմնադիրներին, առավել հաջողված փառատոների, ֆորումների և խորհրդաժողովների կազմակերպիչներին։ Թե ում այն բաժին կհասնի այս տարի, Կազմկոմիտեի ներկայացուցիչներն առայժմ չասացին։

Մրցանակի ժյուրիի կազմում են հայտնի մշակութագետներ, բանաստեղծներ և գրաքննադատներ Ալեքսանդր Արխանգելսկին և Տիմուր Կիբիրովը, Բորիս Կուզմինսկին և Անդրեյ Կուրկովը (Ուկրաինա), Գերման Սադուլաևը և Ելենա Սկուլսկայան (Էստոնիա), ինչպես նաև 2008 թվականի «Ռուսական մրցանակի» մրցանակակիր Սերգեյ Մորեյնոն (Լատվիա)։  Ժյուրիի նախագահն է «Զնամյա» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Չուպրինինը։

«Ռուսական մրցանակը» արտերկրի ռուսալեզու գրողների միակ ռուսաստանյան մրցանակն է, ստեղծվել է 2005 թվականին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման ֆոնդի կողմից և անցկացվում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հիմնադրամի աջակցությամբ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»