ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմը հաստատվել է Մոսկվայում, տեղեկացվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կայքում:
Հաղորդագրության համաձայն, այդ կապակցությամբ հունվարի 27-ին Ռուսական հասարակական քաղաքական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող՝ Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի հիմնադիր ժողովը՝ հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների մասնակցությամբ:
«Ժողովի ընթացքում հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող՝ Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի կազմը, աշխատանքային խմբեր են ստեղծվել տարբեր ուղղություններով, հաստատվել է առաջիկա ամիսների միջոցառումների ծրագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Որոշվել է, որ Հանձնաժողովն իր աշխատանքն իրականացնելու է՝ համագործակցելով Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան պետական և հասարակական կառույցների հետ:
Ժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով մեկ տարի առաջ Երևանում ստեղծված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ է, որը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մոսկովյան հանձնաժողովի հիմնական աշխատանքն ուղղված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա Հայոց ցեղասպանության հետևանքների դատապարտման և վերացմանն ուղղությամբ գործադրվող ջանքերի աջակցմանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-
