ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանը մինչև 2015 թվականը մտադիր է 22,4 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի ռազմավարական պահեստ ստեղծել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Չայլա Դեյլի» հրատարակությանը:
Նախագիծը մեկնարկում է 2011թ.-ին, օպերատորը կդառնա երկրի խոշորագույն հոլդինգը՝ Չինաստանի ազգային նավթային կորպորացիան:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 10 հսկայական բունկեր կառուցել՝ «երկնագույն վառելիքով», որոնցից ամենամեծը Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում կգտնվի:
Փորձագետները կարծում են, որ նախագիծը երկրի կախվածությունը գազի ներկրումից նվազեցնելու նպատակ ունի: Միջազգային էներգետիկ գործակալության կախատեսումներով, մինչև 2030 թվականը Չինաստանը երկրում օգտագործվող երկնագույն վառելիքի մեկ երրորդը կներկրի:
«Բնական գազի պահուստի ստեղծումն այնքան է կարևոր, որքան նավթի ռազմավարական պահուստի ստեղծումը, քանի որ ՉԺՀ-ում գազասպառումն ավելի արագ կմեծանա, քան ածխաջրածնային վառելիքի մյւոս տեսակներինը», «Չայնա Դեյլին» մեջբերում է էներգետիկների կարծիքը:
Չինաստանը նավթի ռազմավարական պահեստներ ստեղծելու ծրագիրն ավարտեց 2009թ.-ին, իսկ ապագայում մտադիր է դրանց ծավալներն ավելացնել երեք անգամ: -0-
