ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սոմալիի ծովահեններն իրենց գործունեությունը շարունակում են ցամաքի վրա և հինգ բեռնատար են զավթել, որոնց վարորդները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բեռներն էին տեղափոխում, ուրբաթ հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:
Բեռնատարերը զավթել են հինգշաբթի երեկոյան, երբ բեռը տեղ հասցնելու հետո ավտոշարասյունը վերադառնում էր Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող Պունտլենդ ինքնահռչակ պետական կազմավորման կազմում գտնվող Գալկայոյից Բերբերու՝ Սոմալիլենդի մեկ այլ ինքնահռչակ պետության գլխավոր նավահանգիստ:
«Ծովահենները զավթել են հինգ բեռնատար, որոնցում ինը մարդ է եղել և նրանց տարել են Գարաադայում գտնվող իրենց բազա: Նրանք պահանջում են, որպեսզի ազատ արձակեն Սոմալիլենդում վերջերս անվտանգության ծառայության կողմից ձերբակալված իրենց հանցակիցներին», - գործակալությանը տեղեկացրել է Գալկաոյում անվտանգության ծառայության ներկայացուցիչ Աբդուլահի Մոհամեդը (Abdullahi Mohamed):
Ծովահենների ներկայացուցիչը ևս հաստատել է գործակալությանը, որ պատանդներին բաց կթողնեն այն ժամանակ, երբ նրանց ընկերներն ազատ կարձակվեն:
«Մենք այստեղ՝ Գարաադայում, պատանդների հետ լավ ենք վերաբերվում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Սոմալիլենդում գտնվող մեր ընկերներն ազատ արձակվեն, ուրիշ ոչինչ չենք պահանջում», - հեռախոսով լրագրողներին հայտարարել է ծովահեն Ամդի Ջամալը (Abdi Jamal):
Գալկաոյում արդեն կուտակվել են մի քանի տասնյակ բեռնատարներ, որոնք տեղափոխում են ՄԱԿ-ի պարենային օգնությունը: Վարորդները չեն ցանկանում վերադառնալ մինչև տեղական իշխանությունները նրանց զինված պահակախումբ չտրամադրեն:
Սոմալին չի կարողանում լուծել ծովահենության խնդիրը, քանի որ դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն դեռ 1991թ.-ին՝ Սիադ Բառեի դիկտատորական ռեժիմի փլուզումից հետո, ով ղեկավարել է 1960թ.-ի վերջից:
Այժմ միջազգային հանրությունը երկրում որպես միակ օրինական իշխանություն է ընդունում Սոմալիի դաշնային կառավարությունը, սակայն վերջինը վերահսկում է միայն մայրաքաղաք Մոգադիշոյի մի մասը: Սոմալիի մնացած հատվածները գտնվում են չճանաչված պետական գոյացությունների վերահսկման տակ կամ ինքնավար տարածքներ են, որոնց ղեկավարությունն ունի տարբեր, հաճախ հակադիր տեսակետներ Մոգադիշոյի իշխանության ներքո միավորվելու հարցի կապակցությամբ:
Միջազգային ծովային բյուրոյի զեկույցում նշվում է, որ 2009թ.-ին Սոմալիի ծովահեններն իրականացրել են 217 հարձակում և զավթել 47 նավ: Այժմ Ռոյթեր գործակալության տվյալների համաձայն, ծովահենների մոտ գերության մեջ է գտնվում ինը նավ և անձնակազմի շուրջ 200 անդամ:-0-
