ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է Չեխիայի Լեդիցե գյուղ, որտեղ այսօր Ադրբեջանի դեսպանության, «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Չեխայում գործող «Ազեր-չեխ» միության նախաձեռնությամբ կազմակերպվելու է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառում:
Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ, Հովակիմյանը գյուղ է գնացել Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի, «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանի, «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի ուղեկցությամբ:
Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Լեդիցեի գյուղապետ Ժոզեֆ Կլիմայի և Լեդիցե հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլի հետ:
Նա ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների իրական պատկերը, ցույց է տվել այն կեղծ լուսանկարները, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը` իբրև Խոջալուի դեպքերի փաստական ապացույց:
Լեդիցեի գյուղապետը տեղեկացրել է, որ Չեխիայի մշակույթի նախարարը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը: Հուշահամալիրի տնօրենն էլ հավաստիացրել է, որ ադրբեջանցիներին չի թույլատրվի որևէ հակահայկական ելույթ հնչեցնել:
Տեղեկատվության համաձայն, միջոցառմանը ադրբեջանցիները պատրասվում էին ցուցադրել իբրև թե Խոջալուի դեպքերը պատկերող լուսանկարներ, նաև կազմակերպել հյուրասիրություն, որն ըստ չեխական կողմի` ամենից շատն է հետաքրքրել կազմակերպիչներին:
Ազերիները, հատկապես, հյուրասիրության թույլտվություն են խնդրել հուշահամալիրի տնօրենից, և ըստ գյուղի բնակիչների վկայության՝ միջոցառման հրավիրյալներին հատկապես փորձել են գայթակղել ճոխ հյուրասիրության խոստումներով:
1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:
Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։
Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:--0--
