ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կանադացի գործընկերոջ հետ ունեցած վեճում պարտություն կրելուց հետո Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը չի կարողանում գտնել կանադական հավաքականի մարզահագուստը, որպեսի կատարի գրազի պայմանները:
Մի քանի օր առաջ Գիբսն ու Կանադայի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Սոուդասը վիճել էին հոկեյի կանանց հավաքականների օլիմպիական արդյունքի շուրջ: Ամերիկյան հավաքականի հաղթանակի դեպքում Սոուդասը պետք է լրագրողների համար հերթական ճեպազրույցն անցկացներ ամերիկյան հավաքականի մարզահագուստով: Սակայն կանադացիները 2:0 հաշվով հաղթանակ տարան, և հիմա Գիբսը պետք է ճեպազրույցն անցկացնի թխկու տերևի պատկերով հագուստով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սպիտակ տան պարբերական ճեպազրույցը երկուշաբթի ամերիկացի մամուլի քարտուղարի համար սկսվեց լրագրողի հնչեցրած ուղիղ ու ծանր հարցով. «Ռոբերտ, որտե՞ղ է ձեր մարզահագուստը»: «Մենք փնտրում ենք այն, և շուտով տեղ կհասնի: Հավատացեք՝ կանադացիները մանրակրկտորեն վերահսկում են այդ հարցը: Մենք ամեն ինչ անում ենք հագուստը ստանալու համար...»,- պատասխանեց Գիբսը:
«Իսկ այն ի՞նչ չափսի է»,- հաղթանդամ մամուլի քարտուղարին հարցրեց մեկ այլ լրագր ող:
«Ես հաստատ գիտեմ՝ այն medium չափսի է: Հուսամ՝ մինչև շաբաթվա վերջ դուք այն տեսնելու հնարավորություն կունենաք»,- շտապեց ճեպազրույցին անցնել Գիբսը:
Նման վեճ էին ունեցել նաև Բարաք Օբաման ու Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը: Նրանք էլ վիճել էին հոկեյի տղամարդկանց հավաքականների եզրափակիչ խաղի արդյունքների համար: Գիբսի ղեկավարը նույնքան անհաջողակ դուրս եկավ: Օբաման «հյուսիսային հարևանի» հետ գրազ էր եկել մի արկղ գարեջրի վրա:-0-
