SELECTORNEWS
Загрузка...

08:16
9/02/2012
США-Турция
Ամերիկյան կորպորացիաները դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
18:07 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ավիացիոն և պաշտպանական արդյունաբերության բնագավառի մի շարք կորպորացիաներ նամակով դիմել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` հորդորելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, չորեքշաբթի հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։  

«Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies և Northrop Grumman կորպորացիաները իրենց համատեղ նամակում նախազգուշացնում են օրենսդիրներին, որ բանաձևի ընդունումը կարող է վտանգի ենթարկել դեպի Թուրքիա իրականացվող ամերիկյան արտահանումը։ Նամակում նրանք նշում են, որ օրինագծի ընդունումը կվատթարացնի ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները և ռիսկի կենթարկի ամերիկյան աշխատատեղերը»,- ռադիոկայանը մեջբերում է նամակն՝ ուղղված Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների պալատի նախագահ Հովարդ Բերմանին։

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին։ Ներկայումս բանաձևին կողմ է հանդես գալիս 137 կոնգրեսական։

Ինչպես կարծում են նամակի հեղինակները, ՆԱՏՕ-ի նշանակալից դաշնակցին ու առևտրային գործընկերոջն օտարելը բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի և արտահանումն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու ջանքերի վրա։

Կորպորացիաների ղեկավարները նշում են, որ ամերիկյան ռազմական ու ավիացիոն արտադրանքի արտահանումները դեպի Թուրքիա 2009 թվականին կազմել են ավելի քան 7 միլիարդ դոլար, և նույն մակարդակն է ակնկալվում 2010 թվականին, ինչի արդյունքում աշխատանքով ապահովվում են տասնյակ հազարավոր ամերիկացիներ:

Aerospace Industries ընկերակցությունը, որում 270-ից ավելի ընկերություններ են ընդգրկված, առանձին նամակ է հղել կոնգրեսականներին` հայտնելով իր մտահոգությունը բանաձևի ընդունման հնարավորության առնչությամբ:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»