18:48
30/07/2010
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին չխոչընդոտել Անկարայի և Երևանի հարաբերությունների նորմալացմանը
13:41 | 05/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չխոչընդոտել թուրք-հայկական հարաբերությունների բարելավմանը՝ կապված Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման հետ։ 

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Սակայն այս քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմով քննարկմանը:

 «Մենք քվեարկության արդյունքները դիտարկում ենք որպես շատ ցավալի որոշում»,- ասել է նա արտակարգ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դավութօղլուի կարծիքով՝ «երրորդ կողմի միջամտությունը թուրք-հայկական հարաբերությունների բարելավման գործընթացին կխոչընդոտի դրա ընթացքին»։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»