ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում չեն մեկնաբանում դաշինքի անդամներ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում ծագած լարվածությունը՝ ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։
«Մենք չենք մեկնաբանում»,- ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչը։
Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ամերիկացի կոնգրեսականների ընդունած որոշման կապակցությամբ Վաշինգտոնում թուրք դեսպանը ետ է կանչվել Անկարա` խորհրդակցությունների համար, նշում է գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից պարտադիր ուժ չունեցող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերություններին և գրեթե մեկ դար տևած թշնամանքին վերջ դնելու Թուրքիայի և Հայաստանի փորձերին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափելու նպատակով խնդրել է կոնգրեսականներին չընդունել այդ բանաձևը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հասկացրել է, որ այդ բանաձևի ընդունումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Այժմ ԱՄՆ-ն փորձում է հասնել Թուրքիայի մասնակցության ընդլայնմանը Իրաքում և Աֆղանստանում իրականացվող օպերացիաներում: Վաշինգտոնը նաև Թուրքիայի աջակցության հույսն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ երկիրը ոչ մշտական անդամ է՝ Ւրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում:
Սակայն այս քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմով քննարկմանը: Ըստ ԶԼՄ-ների և առանձին կոնգրեսականների արտահայտությունների՝ Պալատի կողմից բանաձևի քննարկումը հազիվ թե արագ և դյուրին լինի: Բանաձևի ընդհանուր քվեարկության ամսաթիվը դեռ նշանակված չէ:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:--0--
