ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ից լուծում ակնկալել, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օքթայ Ասադովը ուրբաթ երկրի օրենսդիր մարմնի լիագումար նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:
«Դա խոսում է այն մասին, որ հայերը, իսկապես, կարող են ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա: ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է.... Այդ պատճառով մենք ԱՄՆ-ից օբյեկտիվ լուծում չենք կարող ակնկալել ղարաբաղյան հարցում», - ասել է Ասադովը:
Միաժամանակ նա կասկած է արտահայտել, որ ԱՄՆ Կոնգրեսը կողմ կքվեարկի հանձնաժողովի բանաձևին:
Նիստի ժամանակ Ադրբեջանի մի շարք խորհրդարանականներ կողմ են հանդես եկել ԱՄՆ-ից երկրի դեսպանի ետ կանչմանը՝ գոնե «խորհրդակցությունների համար» պատճառաբանությամբ: Թուրքիան արդեն ետ է կանչել ԱՄՆ-ի իր դեսպանին խորհրդակցությունների համար:-0-
