ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյին աղիների չարօրակ նորագոյացության հեռացման հաջող վիրահատություն են կատարել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երգչի մամուլի քարտուղար Նենսի Սելտցերին։
Վիրահատությունը նախորդ շաբաթ կատարել են Նյու Յորքի «Մաունթ Սինայ» կլինիկայի բժշիկներն, իսկ արդեն կիրակի օրը Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից, և բժիշկների հավաստմամբ՝ մոտ մեկուկես ամիս անց նա պետք է լիովին վերականգնվի վիրաբուժական միջամտությունից հետո։
Սելտցերի խոսքերով՝ բժշիկները չարորակ պոլիպ են հեռացրել երգչի աղիներից լապորոսկոպիայի մեթոդով, երբ հիվանդին միկրոսկոպիկ կտրվածքներ են կատարվում, որոնց միջով տեսախցիկի օգնությամբ վիրաբույժը կատարում է վիրահատությունը։ Այս մեթոդը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմին հասցվող վնասն օպերատիվ միջամտությունից։
Մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ արդեն ապրիլի 16-ին 69-ամյա Դոմինգոն հանդես կգա Միլանի «Լա Սկալայում» Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոքանեգրա» օպերայով։ Այս նույն օպերան, որում նա կատարում է իր համար անսովոր բարիտոնի պարտիան, նա ներկայացրել է Նյու Յորքում փետրվարի 6-ին, ինչից հետո մեկնել է Տոկիո, որտեղ մեկ շաբաթ անց ցավ է զգացել որովայնի շրջանում և վերադարձել է Նյու Յորք՝ բուժում ստանալու։ -0-
