ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդիայի խորհրդարանը (Ռիքսթագ) հինգշաբթի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը: «Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» և 130 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»ч հղում անելով շվեդական SR ռադիոկայանին, «կարմիր-կանաչ» ընդդիմության առաջարկով ընդունված որոշումն անսպասելի էր կառավարության համար:
Ինչպես պարզաբանում են լրագրողները, բուրժուական կուսակցությունները չեն աջակցել առաջարկին: Այնուամենայնիվ, ընդդիմության առաջարկին «կողմ» են քվեարկել բուրժուական կուսակցությունների որոշ պատգամավորներ, ինչը հանգեցրել է բանաձևի ընդունմանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:-0-
