ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում միակ մահմեդական կոնգրեսական Քիթ Էլիսոնը բացատրել է թուրքերին, թե ինչու է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին:
Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, Էլիսոնը հայտարարել է, որ իր որոշումն ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ, և ինքը հարգանքով է վերաբերվում թուրքական դիվանագիտությանը:
«Ես գիտեմ, որ իմ քվեն ձեզ կարող է հիասթափեցնել, և դրա համար ես տխուր եմ», - ասել է Էլիսոնը: Դիմելով իր գործընկերներին՝ Էլիսոնը կոչ է արել նրանց մտածել սեփական պատմության մասին:
Իր հայտարարության վերջում կոնգրեսականը դիմել է հայերին և հայտարարել, որ ամերիկացիները ճանաչում են Հայոց ցեղասպանությունն ու միշտ հիշում և հարգում են այդ ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակը:
Թուրքիայում խիստ վրդովված էին, որ մահմեդական կոնգրեսականը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին:-0-
