SELECTORNEWS
Загрузка...


07:50
23/05/2012

Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնել շվեդ պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի ընդունման համար
12:24 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) շնորհակալության է հայտնել Շվեդիայի խորհրդարանին 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Մենք շնորհակալական ուղերձ ենք հղում Շվեդիայի Ռիքսդագին, որը հակառակ թուրքական ճնշումներին ու այլ խոչնդոտներին` նկատի առավ պատմական փաստերի ճշմարտությունն ու արդարության վեր լինելը` ճանաչեց 1915 թ. հայերի և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարված ցեղասպանությունը», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԵՀՀ-ի ուղերձում:

Եվրոպայի հայերը հատուկ շնորհակալություն են հղել Ռիքսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ և Կանաչների կուսակցություններին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին այն:

ԵՀՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում նաև իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ թե ըստ կուսակցության դիրքորոշման:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի ցեղասպանություն են ճանաչել  1915 թ.-ին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շվեդական SR ռադիոկայանին, «կարմիր-կանաչ» ընդդիմության առաջարկով ընդունված որոշումն անսպասելի էր կառավարության համար:

Ինչպես պարզաբանում են լրագրողները, բուրժուական կուսակցությունները չեն աջակցել առաջարկին՝ կարծելով, որ «քաղաքական գործիչները չպետք է պատմություն գրեն»:

Այնուամենայնիվ, ընդդիմության առաջարկին «կողմ» են քվեարկել բուրժուական կուսակցությունների որոշ պատգամավորներ, ինչը հանգեցրել է բանաձևի ընդունմանը: Ընդդիմության առաջարկին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝ 130 պատգամավոր, 88-ը ձեռնպահ են մնացել:

Թուրքիայի դեսպանը՝ ի նշան բողոքի Շվեդիայի խորհրարանի որոշման դեմ, արդեն ետ է կանչվել Թուրքիա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:-0-  

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»