ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուղղաթիռը, որով Իսպանիայի Սոֆիա թագուհին հինգշաբթի կեսօրին Տոլեդոյից վերադառնում էր Մադրիդ, հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Pais տեղական թերթին:
Ինչպես հաստատել են թագավորական «Սարսուելա» նստավայրի ներկայացուցիչները, օդ բարձրանալիս Super Puma ուղղաթիռը հանկարծակի սկսել է կորցնել բարձրությունը, ինչից հետո հարկադիր վայրէջք է կատարել: Սոֆիա թագուհին ճանապարհը շարունակել է ավտոմեքենայով և բարեհաջող հասել է պալատ:
Իսպանիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ միջադեպի պատճառը ուղղաթիռի շարժիչներից մեկի հզորության պակասն է եղել:
Չնայած Super Puma ուղղաթիռները կարող են թռչել նույնիսկ մեկ շարժիչով, այնուամենայնիվ, օդաչուն որոշել է չվտանգել թագուհու կյանքը, նշում է Pais թերթը:
Սոֆիա թագուհու հետ միասին ուղղաթիռում է եղել նաև Իսպանիայի առողջապահության նախարար Տրինիդադ Հիմենեսը (Trinidad Jimenez): Նրանք այցելել են Տոլեդո, որպեսզի տեղի հոսպիտալին մրցանակ հանձնեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար պետական և բժշկական հաստատությունների մատչելիության ապահովմանն ուղղված աշխատանքների և հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման համար:-0-
