ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան, ի նշան ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեմ բողոքի, պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «Անվտանգության հարցերով թուրք-ամերիկյան խորհրդի» ամենամյա համաժողովին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով «Hurriyet» թուրքական հրատարակությանը:
Ավանդական համաժողովը պետք է տեղի ունենար ապրիլի 11-14-ը Վաշինգտոնում: Արդեն 30 տարի շարունակ համաժողովը խորհրդանշում էր թուրք-ամերիկյան համագործակցությունը: Համաժողովի աշխատանքներին մշտապես մասնակցում էին ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները: Թուրք-ամերիկյան խորհրդի նախագահ Ջեյմս Հոլմսն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել համաժողովին՝ ավելացնելով, որ դրանով Թուրքիան միայն իրեն է վնասում:-0-
