ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգացի Մագնուս Կառլսենը և ուկրաինացի Վասիլի Իվանչուկը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացված «Ամբեր» IX միջազգային շախմատի գերմրցաշարի հաղթող են ճանաչվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 12-ից աշխարհի առաջատար գրոսմայստերները միմյանց հետ խաղում էին «արագ» շախմատի երկուական պարտիա, ընդ որում դրանցից մեկը «կույր» հանդիպում էր, որի ժամանակ գրոսմայստերները չէին նայում խաղատախտակին:
Վերջին փուլի հանդիպումներում Իվանչուկը կարողացավ պարտության մատնել իսրայելցի Բորիս Գելֆանդին (1,5-0,5), ինչից հետո հաղթանակ տարավ Կառլսենի նկատմամբ, ով միավորները կիսեց ռուս գրոմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ (1-1):
Երկու հանդիպումից բաղկացած 11-րդ փուլի արդյունքներով Իվանչուկն ու Կառլսենը հավաքեցին 14,5-ական միավոր՝ 1,5 միավորով առաջ անցնելով երրորդ տեղը զբաղեցրած ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկից: «Ամբեր» մրցաշարի նախորդ տարվա հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան) 12 մասնակիցների շարքում այս անգամ զբաղեցրեց միայն 9-րդ տեղը՝ հավաքելով 11 միավոր:
Նիցցայում անցկացված գերմրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:-0-
