ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 29-30-ը Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել երրորդ միջազգային համաժողովը՝ «Հայերի դերը արաբական աշխարհի տնտեսության մեջ» թեմայով, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառումը հովանավորում էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելը։ Համաժողովին մասնակցել են շուրջ երկու տասնյակ գիտնականներ Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, Հայաստանից և ԱՄՆ-ից։
Համաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, բանասիրության ֆակուլտետի դեկան Զեն ալ-Աբիդին Աբու Խադրան և կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի ծավալած աշխատանքը հայ-արաբական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացման գործում։
Համաժողովի բացմանը ընթերցվել են Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի ողջույնի ուղերձները։
Համաժողովին մասնակցել են եգիպտացի, ինչպես նաև Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից և ԱՄՆ-ից ժամանած թվով մոտ երկու տասնյակ գիտնականներ, որոնց զեկուցումները նվիրված էին պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ-արաբական տնտեսական առնչություններին և հարաբերություններին։
Բանախոսները բարձր են գնահատել դարերի ընթացքում հայերի ունեցած բացառիկ դերը՝ Մերձավոր Արևելքում առևտրի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում։
Կենտրոնի կողմից որոշում է կայացվել համաժողովի նյութերը տպագրել առանձին պրակով։
Համաժողովի ավարտից հետո Կահիրեի համալսարանի ղեկավարությունը, մասնակիցները, ինչպես նաև ԵԱՀ կրթության նախարարի տեղակալ Մուհամմադ Գաբերը հյուրընկալվեցին Կահիրեում Հայաստանի դեսպանությունում։ -0-
