ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Օվկիանոսում մարդու գործունեությունից առաջացած աղմուկի մակարդակի աճի պատճառով, միայնակ կետերը ստիպված են ավելի բարձր կանչել, որպեսզի տոհմակիցների հետ կապ հաստատեն, պարզել են Փենսիլվանյայի համալսարանի և Վուդսխոլի օվկիանոսագիտական կենտրոնի ամերիկացի գիտնականները:
«Օվկիանոսում աղմուկի աճի ազդեցությունը վտանգ է ներկայացնում ծովային կենդանիների, մասնավորապես՝ կետերի ապագայի համար: Աղմուկը մեղմելու համար ձայնային ազդանշանները փոխելու ունակությունը ծայրաստիճան կարևոր է օվկիանոսում աճող աղմուկի պայմաններում հաջող հաղորդակցվելու համար»,- ասվում է հոդվածում, որը հրատարակվել է Biology Letters թերթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իսկական ատլանտյան կամ հարթ կետերը (Eubalaena glacialis) բավական հաճախ են մոտենում ափին: Նրանք իրենց անվանումը ստացել են շնորհիվ այն բանի, որ կետորսները նրանց դիտարկել են որպես առավել համապատասխան թիրախ՝ նրանք շատ յուղայնություն են պարունակում, բավական դանդաղ են լողում և մահանալուց հետո ջրի երեսին են մնում: Կետորսներն այս կետերի պոպուլյացիան ոչնչացման եզրին են հասցրել: Ներկայում հյուսիսային և հարավային իսկական կետերը ներառված են անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների ցուցակում:
Կետերը շփվում են հատուկ ձայների օգնությամբ: Դրանց միջոցով կենդանիները գտնում են իրենց տոհմակիցներին, հավաքվում խմբերով, գրավում էգերին:
Փենսիլվանյայի համալսարանի կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտության հեղինակներ Սյուզեն Փարկսը (Susan Parks) և նրա գործընկերներն ուսումնասիրել են, թե տարբեր իրավիճակներում, աղմուկի տարբեր մակարդակում ինչ փոփոխությունների են ենթարկվում կետերի ազդանշանները:
Դրա համար նրանք հատուկ ձայնագրող նշանասարքեր են տեղադրել յոթ արու և էգ կետերի վրա, իսկ այնուհետև բարձրության, տևականության և հաճախականության մակարդակի տեսակետից ելնելով՝ վերլուծել են ձայնագրված ազդանշանները: Արդյունքում հետազոտողները հաստատել են, որ կետերը ստիպված են եղել ուժեղացնել ձայնի ամպլիտուդը և հետևաբար առավել մեծ էներգիա ծախսել կապ հաստատելու համար:
Աշխատանքի հեղինակները նշում են, որ դա ավելացնում է սթրեսը կենդանիների մոտ, բացի այդ, նրանք առավել խոցելի են դառնում գիշատիչների համար:
«Օվկիանոսում աղմուկի մակարդակն, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել, և գոյություն ունեն ֆիզիկական սահմաններ (կետերի կողմից հանող ձայների. խմբ.), որոնցից բարձր կետերն անցնել չեն կարող»,- նշել է Փարկսը: -0-
