SELECTORNEWS
Загрузка...

08:09
9/02/2012
Մարդկությունը դեռ պատրաստ չէ այլմոլորակայինների հետ հանդիպմանը. ՄՏԿ-ի բորտինժեներ
14:30 | 29/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարդկությունը դեռ պատրաստ չէ կապ հաստատել այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ, անգամ եթե նրանք գոյություն ունեն, «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ռուս տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը:

Կայանի անձնակազմին հարցերը ուղղարկվել են «ՄՏԿ-ի փոստարկղ» ակցիայի շրջանակներում, որն անցկացվում է հունիսի 18-ից Տիեզերագնացության թանգարանի կողմից Ռոսկոսմոսի մամուլի ծառայության հետ համատեղ:

«Ինձ համար շփում հասկացությունը նշանակում է՝ մի վնասիր, հանդուրժողականություն ավանդույթների, մշակույթի, կրոնի նկատմամբ... Բանական մարդու քաղաքակրթության զարգացման ընթացքում Երկրագնդի երեսից վերացել են բազմաթիվ քաղաքներ, պետություններ, ժողովուրդներ: Մենք դեռ նոր մոտենում ենք «ապրել միասնական աշխարհում» հասկացությանը: Մենք պատրաստ չենք կապ հաստատել: Մենք դեռ պետք է սովորենք շփվել միմյանց հետ», - կարծում է Յուրչիխինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ նա նշել է, որ կայանում գտնվելու և վերջերս բաց տիեզերքում իրականացրած աշխատանքի ընթացքում նրան չի հաջողվել չհայտնաբերված թռչող օբյեկտ կամ ինչ-որ անսովոր բան տեսնել, ինչը կարող էր վկայել արտերկրային քաղաքակրթությունների գոյության մասին:

«Ոչինչ չեմ տեսել, և շատ ուրախ եմ: Եկեք սթափ գնահատենք՝ ով ենք մենք, որտեղ ենք գտնվում: Հաջորդ տարի նշվելու է Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակը: Մարդկությունը դեռ առաջին քայլերն է անում տիեզերքը ճանաչելու գործում: Եվ դեռ ամենամեծ քայլը դեպի Լուսին կատարած քայլն է: Իսկ որտեղի՞ց կգան նրանք: Նրանց տեխնոլոգիաները, աշխարհահայցքը, մշակույթը... շատ հարցեր կան», - փիլիսոփայորեն նշել է Յուրչիխինը:

Իր նամակի վերջում ռուսաստանցի տիեզերագնացը խոստովանել է, որ կցանկանար տեսնել «կանաչ մարդուկներին»:

«Հետգրություն. շատ կցանկանայի տեսնել, թեկուզ մի ակնթարթ», - գրել է Ֆյոդոր Յուրչիխինը ՄՏԿ-ից:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»