ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աստանայում նախատեսված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվկի Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ անվտանգության գոտու հայեցակարգից անվտանգության եվրասիական և եվրատլանտյան միասնական միության ստեղծմանն անցում կատարելու հնարավորությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 35-ամյակի կապակցությամբ հայտարարել է ԵԱՀԿ պետքարտուղար, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրվել է 35 պետությունների ղեկավարների կողմից Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում 1975 թ.-ի օգոստոսի 1-ին: Խորհրդակցությունը գումարվել է Վարշավայի պայմանագրի մասնակից-սոցիալիստական պետությունների առաջարկով (1965):
«Գոյության 35 տարվա ընթացքում Հելսինկյան եզրափակիչ ակտը շարունակում է մնալ հրատապ և պահանջված: Հելսինկիում 35 պետությունների ղեկավարների կողմից ամրագրված անվտանգության նորարար և համապարփակ հայեցակարգն այսօր շարունակում է մնալ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում անվտանգության և համագործակցության կարևոր գործոնը», - ասել է Սաուդաբաևը:
Հելսինկյան եզրափակիչ ակտը հաստատել է առաջնային կարևորություն ունեցող տասը սկզբունքներ, որոնք մասնակից-պետությունները պարտավորվել են «հարգել և կիրառել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ բոլոր մասնակից-պետությունների հետ՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերից, ինչպես նաև չափսերից, աշխարհագրական դիրքից և տնտեսական զարգացման մակարդակից»: Այդ սկզբունքների թվում են Ինքնավար հավասարությունը, ինքնավարությանը հատուկ իրավունքները հարգելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների անխախտելիությունը, պետության տարածքային ամբողջականությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների և հիմնական ազատությունները հարգելը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը, պետությունների միջև համագործակցությունը, միջազգային իրավունքի պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Սաուդաբաևի խոսքերով՝ «աշխարհում, մասնավորապես, վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած իսկապես տեկտոնական փոփոխությունները ԵԱՀԿ մասնակից-երկրներից, առաջին հերթին նրանց առաջնորդներից պահանջում են նոր մարտահրավերների և սպառնալիքների համարժեք լուծումներ գտնել»:
Նրա կարծիքով՝ հենց դա է պատճառոը, որ դժվար է գերագնահատել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի կարևորությունը: Այս կապակցությամբ Սաուդաբաևը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումը 21-րդ դարում բոլոր մասնակից-երկրներին կմոտեցնի նոր ձեռքբերումների:
Ղազախստանը, որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, առաջարկել է հոկտեմբերի 29-30-ին Աստանայում անցկացնել կազմակերպության գագաթնաժողովը: Վերջինիս կմասնակցեն ԵԱՀԿ-ի կազմում ներառված 56 երկրների առաջնորդները: Նախորդ գագաթնաժողովն անցկացվել է տասը տարի առաջ:-0-
