ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները շուտով կրկին կայցելեն Իրան, որտեղից չորեքշաբթի վերադարձել է կազմակերպության հերթական պատվիրակությունը, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գերման Նակերտցին:
«Մենք մտադիր ենք լուծել բոլոր վիճահարույց խնդիրները, և իրանցիներն, անխոս, ևս նման մտադրություն ունեն: Սակայն, իհարկե, առջևում դեռ շատ աշխատանք կա անելու, և մենք մոտ ապագայում Իրան ևս մեկ այց ենք ծրագրել», - մեջբերում է գործակալությունը Նակերտցի խոսքերը, ով գլխավորել է պատվիրակությունը Թեհրան կատարած եռօրյա այցի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նակերտցը կատարած այցը դրական է գնահատել, սակայն որևէ մանրամասնություն չի ներկայացրել: Fars իրանական գործակալության տվյալների համաձայն՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված այցն անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է ՝ հայտարարելով, որ իրա միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:-0-
