Երեք հայ ընդգրկվել է Forbes-ի «250 մեծագույն self-made ամերիկացիները» վարկանիշում

13.04.2026, 21:17
Երեք ամերիկահայեր ընդգրկվել են Forbes-ի «250 մեծագույն self-made ամերիկացիները» վարկանիշում
Երեք հայ ընդգրկվել է Forbes-ի «250 մեծագույն self-made ամերիկացիները» վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երեք ամերիկահայեր ընդգրկվել են Forbes-ի «250 մեծագույն self-made ամերիկացիները» վարկանիշում: Ինչպես հայտնում է պարբերականը, ցուցակը կազմվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակի առթիվ։

Վարկանիշի 27-րդ տեղը զբաղեցրել է ձեռնարկատեր և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյանը։ Forbes-ը նշում է, որ 1970-ականներին նա ընտանիքի հետ փախել է Լիբանանից և կյանքը զրոյից սկսել Մոնրեալում։

130-րդ տեղում է երգչուհի և դերասանուհի Շերը։ Ինչպես գրում է Forbes-ը, նրան մայրը մեծացրել է միայնակ, նրանք ապրել են սուղ պայմաններում, հաճախ փոխել բնակության վայրը։ Շերը թողել է դպրոցը նախքան երաժշտական կարիերան սկսելը։

207-րդ տեղը զբաղեցրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը, ով 2021 թվականին մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում։ Ըստ Forbes-ի տվյալների՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել է գերության մեջ, իսկ արտագաղթից հետո աշխատել է որպես պիցցայի առաքիչ, որպեսզի վճարի կենսաբանության ուսման համար։

Վարկանիշի մասին

Forbes-ից հայտնել են, որ վարկանիշում ներառվել են ներկայումս ապրող ձեռնարկատերեր, գիտնականներ, մշակույթի գործիչներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հաջողության են հասել սեփական ջանքերով։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն մասնակիցների ֆինանսական հաջողությունները, այլև նրանց հաղթահարած դժվարությունները, ինչպես նաև նրանց երկարաժամկետ ազդեցությունը։

Ընտրությունը կատարվել է Forbes-ի 109-ամյա արխիվի, ոլորտային լրագրողների առաջարկների և փորձագիտական ժյուրիի գնահատականների հիման վրա։ Առանցքային չափանիշներից մեկը դարձել է Self-Made Score-ը՝ 1-ից 10 բալանոց սանդղակը, որն արտացոլում է այն ուղին, որը մարդն անցել է դեպի իր հաջողություն։ Եզրափակիչ տարբերակում ընդգրկվել են միայն այն մասնակիցները, ովքեր ստացել են 9 կամ 10 միավոր։