4 մլն դրամի հավաստագիր՝ յուրաքանչյուր երեխայի համար․ ի՞նչ աջակցություն կստանան բազմազավակ ընտանիքները

05.11.2026, 12:29
Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կստանան պետական աջակցություն բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար
4 մլն դրամի հավաստագիր՝ յուրաքանչյուր երեխայի համար․ ի՞նչ աջակցություն կստանան բազմազավակ ընտանիքները

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կստանան պետական աջակցություն բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ծրագրի շրջանակում 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 մլն դրամի հավաստագիր։

«Հավաստագիրը կարող է իրացվել բանկային հիփոթեքի, հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար», - նշել է Թորոսյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով` եթե ընտանիքը որոշի տուն կառուցել գյուղական բնակավայրում, ապա կստանա ևս 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամաս ձեռք բերելուն, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, կահույքի գնմանը և այլն։

Թորոսյանի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար նախատեսված են նաև որոշակի նախապայմաններ։ Մասնավորապես, եթե ընտանիքի՝ 2026 թվականի եկամուտների հայտարարագրում նշված եկամուտները գերազանցեն 10 մլն դրամը, ապա այն չի կարողանա օգտվել ծրագրից։ Կստուգվի նաև ընտանիքին պատկանող գույքի առկայությունը։

«Մենք ունենք նաև բնակարանային ապահովման այլ ծրագրեր։ Նույն շահառուն չի կարող միաժամանակ օգտվել երկու ծրագրից», - հայտնել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ համայնքներից հավաքված տվյալներով՝ Հայաստանում կա ավելի քան 600 ընտանիք, որոնք ունեն 6-ից ավելի անչափահաս երեխա։