63 տարեկան մարդը ծեր չէ, 72 տարեկանն էլ․ Փաշինյանը՝ թոշակառուների համար բիզնես սկսելու ծրագրի մասին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 63-72 տարեկան քաղաքացիները չպետք է դիտարկվեն որպես տնտեսապես ոչ ակտիվ մարդիկ, և պետությունը պետք է աջակցի նրանց սեփական գործ սկսելու հարցում։
«63 տարեկան մարդը ծեր չէ, 64 տարեկան մարդն էլ ծեր չէ, 65 տարեկան մարդն էլ ծեր չէ։ 70 տարեկան մարդն էլ ծեր չէ, 72 տարեկան մարդն էլ ծեր չէ», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում՝ մեկնաբանելով 63-72 տարեկան քաղաքացիների համար ձեռնարկատիրական գործունեության աջակցության պիլոտային ծրագիրը։
Նրա խոսքով՝ մարդուն թոշակառուի պիտակ կպցնելը նպաստում է նրա տնտեսական ապաակտիվացմանը։
Վարչապետը նշել է, որ ավագ սերնդի շատ քաղաքացիներ արդեն ունեն անհրաժեշտ գործարար հմտություններ, իսկ պետության խնդիրն է օգնել նրանց իրացնել կուտակած փորձը և խթանել սեփական գործով զբաղվելու ցանկությունը։
Փաշինյանը նաև առաջարկել է նախատեսել ծրագրի մասնակիցների կողմից համատեղ բիզնես նախագծեր մշակելու հնարավորությունը։
Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանում ավելի քան 100 հազար թոշակառու շարունակում է ակտիվ աշխատել, այդ թվում՝ պետական և մասնավոր կազմակերպություններում։
Վարչապետն ընդգծել է նաև, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության համակարգը կնպաստի նրանց տնտեսական ակտիվության պահպանմանը։
Մինչև 2 մլն դրամ՝ սեփական բիզնես սկսելու համար
Կառավարությունը հինգշաբթի հաստատել է 63-72 տարեկան քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության աջակցության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է տրամադրել մինչև 2 մլն դրամ (ավելի քան 5,5 հազար դոլար) պետական աջակցություն։
Ինչպես հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Արամ Խաչատրյանը, նախաձեռնությունը նախատեսված է ավագ սերնդի այն մարդկանց համար, որոնք ունեն երկար տարիների մասնագիտական փորձ և գիտելիք, սակայն աջակցության կարիք ունեն մեկնարկային կապիտալի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման հարցում։
Ծրագիրը նախատեսում է երկու հիմնական ուղղություն՝ գործարարության անվճար ուսուցում և բիզնես նախագծերի հետագա ֆինանսավորում։
Առաջին փուլում առնվազն 400 մասնակից կկարողանա անցնել բիզնեսի վարման հիմունքների դասընթացներ, սովորել հաշվարկել եկամուտներն ու ծախսերը, զբաղվել մարքեթինգով և մշակել սեփական բիզնես ծրագրերը։
Ուսուցման արդյունքներով մասնակիցներից կընտրվի 200 անձ, որոնց կտրամադրվի պետական աջակցություն՝ մինչև 2 մլն դրամի չափով։
Առաջնահերթությունը նախատեսված է սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերի բնակիչների համար։
Խաչատրյանն ընդգծել է, որ տրամադրված միջոցները վերադարձնել չի պահանջվի, եթե շահառուները պահպանեն ծրագրի պայմանները։
Ընդ որում, գումարը կանխիկ չի տրամադրվի։ Վճարումները բանկերի միջոցով փոխանցվելու են անմիջապես ապրանքների և ծառայությունների մատակարարներին։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 400 մլն դրամ։ Այն գործելու է պիլոտային ռեժիմով՝ մեկ տարվա ընթացքում։

